Հասարակություն

Էդգար Հովհաննիսյան.Պատմաքաղաքական դժվար իրավիճակում մեծ դեր ունեցան անհատները

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Առաջին հանրապետության հռչակագիրն ընդունվել է մայիսի 30-ին: Բայց քանի որ մենք փաստացի անկախ էին մայիսի 28-ից, որոշվել է պաշտոնապես առաջին հանրապետության օրը նշել մայիսի 28-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Նա խոսել է առաջին հանրապետության նշանակության ու խորհրդի մասին:

95 տարի առաջ այս օրերին համաժողովրդական ջանքերով կանխվեց հայ ժողովրդի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունը, և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, ասաց Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այդ անկախությունը, ի տարբերություն մեր հարևան ժողովուրդների, սկուտեղի վրա մեզ չմատուցվեց: Ձեռք բերվեց հայ ժողովրդի միասնությամբ, համաժողովրդական պայքարի, հայ մարտիկի բազկի գնով: Իհարկե, թուրքերի թույլ տված տակտիկական սխալը որոշակիորեն նպաստեց մեր հաղթանակին, նկատեց պատմաբանը:

Պատմաքաղաքական դժվար իրավիճակում մեծ դեր ունեցան անհատները` Արամ Մանուկյան, Դրո, Գարեգին Նժդեհ: Նրանց գլխավորությամբ հայ զինվորը ստեղծեց այն պետությունը, որը չնայած իր կարճատև գոյությանը, հիմք հանդիսացավ այսօրվա անկախ հանրապետության համար:

Այսօր թեև ներքին կյանքում խնդիրներ ու տարաձայնություններ կան, բայց արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, խնդիրները լուծման առումով միասնականության պակաս Հովհաննիսյանը չի տեսնում:
Ազգային արխիվում այսօր առաջին հանրապետության շրջանին նվիրված հսկայական նյութեր ու փաստաթղթեր են պահվում, որոնք պարբերաբար ամբողջացվում են ու առանձին գրքերի տեսքով հրատարակվում: Բայց փաստղթղթերի մի հսկա զանգված էլ գտնվում է Բոստոնում, նկատեց Ազգային արխիվի փոխտնօրենը: Դա Դաշնակցության արխիվն է, կուսակցության սեփականությունը, օգտագործման իրավունքը սահմանափակ է:

«Իհարկե, պարբերաբար Հայաստանից պատմաբաններ մեկնում են Բոստոն, կուսակցության թույլտվությամբ ուսումնասիրում դրանք, բայց լավ կլիներ, որ արխիվն ավելի հրապարակային լիներ, քանի որ ցանկացած փաստաթուղթ կարող է պետության, ազգի պատմության ճշգրտման, նորովի լուսաբանման առումով կարևոր նշանակություն ունենալ»,- ասաց Ազգային արխիվի փոխտնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button