«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար». տոնակատարություններ Սարդարապատում


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Սարդարապատի հուշահամալիրում այսօրվա տոնակատարությունները շարունակվեցին հերոսական պատի տակ, որտեղ հանդես էին գալիս Արմավիրի մարզի մշակութային խմբերն ու անհատ կատարողները:
Տոնը նախորդ տարիների համեմատությամբ չուղեկցվեց հյուրասիրությամբ և ազգային տեսարանների նկարագրերով: Այցելուները զբոսնում էին ճեմուղով, մտքեր փոխանակում և հպարտանում հերոսական անցյալով:
«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»,- այս երգն այսօր հնչում էր շատերի շրթունքներից։
Քայլերն ուղղելով Սարդարապատի հուշահամալիր` նշելու հայ ժողովրդի համար կարևոր հաղթանակներից մեկը, Սարդարապատի ճակատամարտի 95-ամյակը: Տոնի կապակցությամբ հուշահամալիրը կրկին բազմամարդ էր: Տոնակատարությունը նշելու էին եկել նաև սփյուռքահայերը, որոնցից շատերը Հայաստանի մասին պատկերացումները չեն սահմանափակում համացանցով ու տարբեր տեսանյութերով:
«Մի գանգատվիր, ամպին ետևը միշտ արև կա»,- ասում է բոստոնաբնակ Աստղիկ Թուրբենդյանը՝ նշելով, որ արևը մեզ համար շողաց 1918 թվականին, հենց այս օրը՝ հայերի համար օրհասական դարձած Սրդարապատի ճակատամարտի հաղթանակով:
Աստղիկ Թուրբենդյանն առաջին անգամն է Հայաստանում և եկել էր նախ խոնարհվելու Եղեռնի զոհերի հիշատակին, հարգանքի տուրքը մատուցելու իր մեծ գերդաստանի նահատակներին, իսկ այնուհետ մասնակցելու մեր համաժողովրդական տոնակատարությանը, որը 6- դարյա կորստից հետո կրկին վերականգնվեց ու դարձավ Հայաստանի առաջին հանրապետություն:
Տիկին Աստղիկի երազանքն է եղել տեսնել իր հայրենիքը: Նա ձեռնափայտով դժվարությամբ հաղթահարելով Սարդարապատի բարձրունքը մտովի տեղափոխվել էր պատմական անցյալ, իսկ խոհերը կիսեց՝ նշելով, որ իր ծնողները եթե տեսնեին հայկական կազմավորված բանակը ՝անշուշտ խենթանալու էին:
Հայկական ընտանիքում հայերի պատմությունը ակնարկ է դարձել, որն ամեն օր պատմում են միջին ու կրտսեր սերնդին , հիշում` անցյալը դարձնելով ներկա:
Սարդարապատից և Հայաստանից ունեցած տպավորությունները տիկին Աստղիկը տանելու է իր հետ, որ դարձյալ փոխանցի գերդաստանին ու հարազատներին:
Սարդարապատի հուշահամալիրում տոնն այս անգամ առանց ավանդական հյուրասիրության սեղանների էր, որոնք ամեն տարի բացվում էին ճեմուղում:
Տոնակատարությանը մասնակցելու համար այստեղ էին նաև Բոստոնի սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները ուսուցիչների ու ծնողների հետ:
Արտեմիս Մկրտչյանը Սբ. Ստեփանոս վարժարանում հայոց լեզվի ուսուշցչուհի է, հայրենասիրության դասերը երեխաները նրանից են քաղում, ավարտական դասարաններին նա ամեն տարի բերում է Հասատան, մասնակցում տոնակատարությանը և նպաստում հայրենիքի հետ կապի ամրապնդմանը:
Սարդարապատում էին նաև երկրապահ կամավորները, նրանց կրտսեր սերունդը, ազատամարտիկները, ովքեր հայրենիքի պաշտպանության մարտերին են մասնակցել են Արցախում: Միշա Հակոբյանը ընկերների հետ այսօր հպարտությամբ է կրում այն մեդալներով զարդարված համազգեստը, որի պատվին արժանացել է արցախյան ազատամարտում:
Սարդարապատի զանգաշտարակից մինչև հերոսական պատը ձգվող ճեմուղում արծիվների խրոխտ հայացքի ներքո վարդերի անդաստան է, որի կողքով քայլելիս տատիկը 6-ամյա թոռնիկին բացատրում է Սարդարապատի հերոսամարտի նշանակությունը. «Այս վարդերը Սարդարապատի հերոսամարտում զոհվածների հիշատակն է հավերժացնում։
Հայաստանի անկախ պետականության վերկանգնման տոնակատարությանը ներկա էին օտարազգի հյուրեր: Իտալուհի Էրտա Ուրսելլան Ուդինե քաղաքից Բիբլիական երկիր է եկել ծանոթանալու հնագույն ազգի մշակույթին ու պատմությանը, նա հիացած է մեր մշակույթով և տեղյակ է մեր պետականության վերականգնման պատմությանը:
Տոնակատարությունը շարունակվում է երգ ու պարով, հնչում է դհոլն ու զուռնան, որի հնչյունների ներքո պար էին բռնել քոչարի, շրջանակը գնալով ընդլայնվում է, իսկ այցելուների հոսքը դեռ կշարունակվի մինչև երեկո: