ՀԱԿ խմբակցության անդամը մտադիր չէ անդամակցել ՀԱԿ կուսակցությանը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Գազի սակագների սպասվող թանկացումը մտահոգում է և ընդդիմադիր ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին: Թեպետ թանկացման մասին պաշտոնապես հայտնի դարձավ մեկ շաբաթ առաջ, այնուամենայնիվ՝ խորհրդարանականը նկատեց, որ փաստացի մեր երկիր մատակարարվող գազի գինը արդեն իսկ բարձրացվել էր ապրիլի 1-ից, ինչի մասին իշխանությունները լռում էին։
Ռուսական գազի թանկացումը ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ենթատեքստ, համոզված է Լյուդմիլա Սարգսյանը:
«ՀայՌուսգազարդի» հայտում նշված 67 տոկոս և Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից նախանշված 18 տոկոս թանկացումը պատգամավորը համարում է թվերի խաղ և խորամանկություն: Նա անբարոյական համարեց գազի թանկացման միջոցով «ՀայՌուսգազարդի» հինգհազարանոց անձնակազմի աշխատավարձի բարձրացման հարցը լուծելը։
Պատգամավորին մտահոգում է, որ գազի թանկացմանը շղթայական ռեակցիայով կարող են հետևել այլ ապրանքների և ծառայությունների գների բարձրացումը: Այս առումով նա զարմացած է սպառողների հանդուրժողականությունից։
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից օրերս առաջ քաշած ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության վերաբերյալ առաջարկին, ընդդիմադիր պատգմավորը հայտարարեց, որ իրականում կառավարության ղեկավարը դրա կարիքը չունի:
Տիկին Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ անդամակցել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, քանի որ հանդիսանում է ՍԴՀԿ ատենապետը: Ըստ նրա՝ իր գլխավորած կուսակցության հանդեպ իրականացվող արշավը իշխանությունների քաղաքական պատվերի արդյունքն է։