Հասարակություն

Կեցություն, ուսման վարձ եւ աշխատատեղ. սիրիահայ ուսանողների խնդիրները Հայաստանում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սփյուռքահայ և հատկապես սիրիահայ ուսանողների խնդիրների մասին են այսօր խոսել Սփյուռքահայ ուսխորհրդի նախագահ Սամվել Մկոյանն ու Սփյուռքահայ ուսխորհրդի սիրիահայ ուսանողների հանձնաժողովի անդամ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Արաքս Մահդեսյանը: Ընդգծելով, որ նրանց հիմնական խնդիրները շարունակում են մնալ կեցությունը, ուսման վարձը, լեզուն և աշխաատտեղերը`Սամվել Մկոյանը նկատել է, որ Հայաստանի կառավարությունը զգալի աշխատանքներ է կատարել սիրիահայ ուսանողների խնդիրների լուծման առումով:

Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների թիվն անցնում է 4000-ը, իսկ միայն սիրահայերի թիվը հասնում է 250-ի: Նրանց մեծամասնությունը Հայաստան է եկել Սիրիայում պատերազմական իրավիճակի հետևանքով: Հաստատվելով Հայաստանում` այս ուսանողները կանգնեցին մի շարք խնդիրների առջև, դրանցից Սփյուռքահայ ուսխորհրդի նախագահ Սամվել Մկոյանն առանձնացրեց կեցության, ուսման վարձի, լեզվի, ինչպես նաև աշխատատեղերի հետ կապված խնդիրները:

ԿԳ նախարարի հրամանով որոշվել է, որ սիրահայ ուսանողները պետք է բակալավրում սովորելիս վճարեն այնքան, որքան հայաստանցի ուսանողները, իսկ նախապատրաստական ֆակուլտետներում սովորողների ուսման վարձն այդ նույն հրամանով ի տարբերություն հայաստանցի ուսանողների` 50 տոկոսով զեղչվել է: Սակայն, հաշվի առնելով, որ մեծամասնության ընտանքիքները ֆինանսական որոշակի խնդիրներ ունեն և պարզապես ի վիճակի չեն վճարել ուսաման վարձը, այսօր լրագրողների հետ զրույցում Սամվել Մկոյանը նկատեց, որ սիրիահայ ուսանողների օգնելու նպատակով զգալի քայլեր է արել նաև Սփյուռքի նախարարությունը:

Ինչ վերաբերում է սիրիահայ ուսանողների աշխատանքին, դարձյալ սփյուռքի նախարարության միջնորդությամբ աշխատանքի են ընդունվել բավականին մեծ թվով ուսանողներ և ոչ միայն: Ուսանողների համար աշխատանք է գտնվել ամենատարբեր ոլորտներում` ընդհուպ սպասարկման ոլորտում:
Նշենք, որ սփյուռքահայ ուսանողությանը միավորում է Սփյուռքահայ ուսանողների խորհրդը, որն էլ զբաղվում է նրանց իրավունքների պաշտպանությամբ և փորձում լուծել այս ուսանողների առջև ծառացած խնդիրները:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button