

«2013-ը կարող է բեկումնային լինել ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում»,-հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, Մինյոնը, անդրադառնալով 2013-2014 թթ-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ի Նախարարների հանձնաժողովի նախագահության ստանձնմանը, նշել է, որ դա փայլուն հնարավորություն է ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար:
«Մեզ թվում է, որ 2013-ը կարող է բեկումնային լինել, քանի որ Հայաստանին և Ադրբեջանին հստակ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է ընձեռվելու. Հայաստանը և Ադրբեջանը նախագահելու են Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովում: Իսկ Նախարարների հանձնաժողովի ստեղծման գլխավոր նպատակներց մեկը հակամարտությունների կանխարգելումն ու առկա հակամարտությունների կարգավորումն է: Նրանք պետք է օգտվեն այդ հնարավորությունից, գնահատեն պատմական այդ պահը և հստակ քայլեր ձեռնարկեն հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,-հայտարարել է Ժան Կլոդ Մինյոնը՝ նշելով, որ 2013-ը նշանավոր տարեթիվ է. 50 տարի առաջ ստորագրվեց Ելիսեյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Ֆրանսիայի և Գերմանիայի դարավոր հակամարտությանը:
ԵԽԽՎ-ի նախագահի խոսքով, այդ համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են խաղաղության համաձայնագիր կնքել: «ԵԽԽՎ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ երկու կողմերին հաշտեցնելու համար»,-ասել է Մինյոնը: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ ԼՂ-ի հարցը կարգավորելու ուղղությամբ ինքն անձամբ ևս քայլեր է ձեռնարկում: Ի դեպ, նա ընդգծել է, որ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեութունը դադարեցված է, և իրենք այժմ մտածում են ենթահանձնաժողովի փոխարեն նոր ձևաչափ գտնելու ուղղությամբ: Տեղեկացնեմ՝ Մինյոնը պաշտոնական այցով Բաքու է ժամանել երեկ ու հանդիպումներ ունեցել այդ երկրի ղեկավարութւան հետ: Մայիսի 28-ին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանից մեկնելու է Վրաստան, իսկ մայիսի 29-ին արդեն Հայաստանում կլինի: Մայիսի 31-ին Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ և Հայաստանի նախագահությամբ մայրաքաղաք Երևանում կանցկացվի ԵԽԽՎ Նախարարների մշտական հանձնաժողովի նիստը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի նախագահությունը պաշտոնապես ստանձնել է շաբաթներ առաջ: Հայաստանը ԵԽ նախարարների հանձնաժողովում նախագահելու է մինչև այս տարվա նոյեմբեր, որից հետո նախագահությունը փոխանցվելու է Ավստրիային: Արդեն 2014թ.-ի մայիսից ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը: