ԿարևորՀասարակություն

Փաստաբանները գործադուլ են հայտարարում. պատճառը Վճռաբեկ դատարանի անկանխատեսելիությունն է

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հունիսի 10-ին և 11-ին փաստաբանները գործադուլ կանեն, այսօր հայտարարել են նախաձեռնող խմբի անդամները։ Փաստաբանների    բողոքն ուղղված է  Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ: Նրանք դժգոհում են դատարանի գործունեության անկանխատեսելիությունից, իրավական այն մոտեցումներից , որոնք կիրառում է Վճռաբեկը բողոքները վարույթ ընդունելու կամ մերժելու հարցում։
Նույն խնդիրներից և նույն  պահանջով փաստաբանները բողոքել են նաև անցյալ տարի՝ գործադուլ անելով հունիսի 10-ին: Այդ օր մոտ 500 փաստաբան չներկայացավ դատական նիստերի, չմասնակցեց դատավարական որևէգործողության:
Բողոքի առաջին ակցիայից անցել է մեկ տարի, ոչինչ չի փոխվել, ասում է երկրորդ գործադուլն անելու  նախաձեռնությամբ հանդես եկող  խմբի անդամներից փաստաբան Հայկ Ալումյանը:

«Կարող ենք արձանագրել, որ վճռաբեկ վարույթում անկանխատեսելիության առումով ամեն ինչ մնացել է նույնը: Նույն անկանխատեսելի փուլն է, երբ մենք որևէ կերպ չենք կարողանում կանխատեսել  այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ կընդունվի՞,  թե՞ ոչ: Եթե վարույթ է ընդունվում, կամայակա՞ն որոշում է կայացվում, եթե հետ է վերադարձվում, կամայակա՞ն հիմնավորում է տրվում: Երևի գիտեք, որ վճռաբեկը հետ է վերադարձնում բողոքների մոտ 95 տոկոսը»:
Վճռաբեկ բողոքների 95 տոկոսը հետ վերադարձնելու պրակտիկան փաստաբանները լուրջ խնդիր են համարում և նշում, որ բողաքի նպատակը հանրությանն ու իշխանություններին դրա  մասին ահազանգելն է:
Նույն խնդիրը այլ կերպ են դիտարկում Վճռաբեկի ներկայացուցիչները:  Ըստ Սահմանադրության՝ դատական բարձրագույն ատյանի  գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։
Ի պատասխան փաստաբանների բողոքի՝ նրանք հիշեցնում են, որ Վճռաբեկ դատարանը   իրավունքի դատարան է, քննության է առնում «լուրջ գործերը»։
«Էդ նույն անլուրջ գործերը գնում են  Վճռաբեկ դատարան, ճիշտ նույն հիմեքրով այնտեղ վճիռներ են կայացվում: Այնինչ,  եթե Վճռաբեկը քննության ընդուներ այդ բողոքները և դատական ճիշտ ակտեր կայացներ, մենք այսօր  ի վնաս Հայաստանի ավելի քիչ վճիռներ կունենայինք: Եթե Վճռաբեկ դատարանը ավելի լուրջ դատական ատյան է, քան՝ ՄԻԵԴ-ը, ապա ինձ թվում է իր լրջության բարձրությունից պետք է իրեն մի քիչ նեղություն տա ու իջնի»:

Իրավունքի տեսանկյունից գործի լրջության աստիճանը փասաբանն առաջարկում է դիտարևկել մեկ այլ տեսանկյունից էլ. Օրինակ՝ լուրջ է՞, թե՞ ոչ դեպքը, երբ դատարանը անձին երկամսյա կալանքի դատապարտելու որոշում է կայացնում:  Փաստաբանի , նաև պաշտպանյալի համար իր գործը դառնում է ամենլուրջն ու կարևորը։
«Քննիչը նախաքննության փուլում միջնորդություն է ներկայացնում անձին կալանավորելու վերաբերյալ: Առաջին ատյանի դատարանը մերժում է միջնորդությունը, որոշում է կայացնում չկալանավորելու մասին: Մեղադրանքի կողմը որոշում է բողոքարկել առաջին ատյանի վճիռը: Վերաքննիչը փոխում է առաջին ատյանի վճիռը և որոշում է անձին կալանավորել:   Նա դիմում է վճռաբեկ դատարան, որն էլ ընդհանրապես վարույթ չի ընդունում բողոքը: Ստացվում է, որ անձը կալանավորվել է և չի ունեցել դատական ատյան իր կալանավորումը վիճարկելու համար»:
Օրինակներն, ըստ փաստաբանների, բազմաթիվ են:   Հենց դրանց վրա հենվելով են նրանք ձևակերպում իրենց բողոքը և կանխատեսելիություն,  իրավական մոտեցումների միատեսակ կիրառում պահանջում բարձրագույն դատական ատյանից:
Ինչ մեխանիզմներով ու միջոցներով են պատկերացնում իրենց պահանջի իրագործումը, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վարքագծի փոփոխությունը:

«Գիտեք, մինչև հիվանդին բուժելը մենք պետք է հիվանդի ջերմությունը չափեք: Մենք ցույց ենք տալիս, որ հիվանդը 42 աստիճան  ջերմություն   ունի: Հետո արդեն դրան կոչվածները պետք է դեղամիջոցներ որոշեն հիվանդի համար։ Հիվանդը  ինքը բուժվելու ցանկություն պետք է ունենա: Էդ ամեն ինչը ջերմությունը չափելուց հետո է: Հիմա մենք ասում ենք՝ դուք պրոբլեմ ունեք: Եթե ուզում եք լուծել այն ՝ լուծեք, եթե չեք ուզում լուծել ՝ խորացրեք»:

Back to top button