

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը գնահատում է հերթապահ, վճռորոշ քայլեր չհուշող, մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ:
Ըստ էության՝ ադրբեջանական կողմը մադրիդյան սկզբունքների վրա խաչ է քաշել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և նրա կերպարը հերոսացնելուց հետո, կարծում է Ջամալյանը.
«Ի վերջո՝ հիմա քննարկման են դրված այդ սկզբունքները։ Մի բան հստակ է, որ Կազանի հանդիպումից առաջ մեր արտգործնախարարը նշել է, որ ցանկացած փաստաթուղթ ՀՀ- ն կստորագրի միայն այն դեպքում, եթե պաշտոնական Ստեփանակերտը տա իր համաձայնությունը»։
Բանակցությունները, ըստ Ջամալյանի, պետք է սկսել զրոյից, քանի որ արանքում եղան սաֆարովյան դեպքերը։
Արցախի իշխանությունը չի կարող իրեն զրկել սահմանադրորեն ամրագրված տարածքներից, որոնք իր անվտանգության միակ և հուսալի երաշխիքն են: Ըստ Ջամալյանի` պաշտոնական Ադրբեջանը չի կարող իրեն սահմանադրորեն ամրագրված սահմանները հենց այնպես սկուտեղի վրա մատուցել սաֆարովյան արժեքային համակարգով ապրող Ադրբեջանին:
Այս առումով՝ մեր ռազմավարական դաշնակից երկրի ատգործնախարարը պետք է զգուշավոր լինի իր հայտարարություններում, ասում է ռազմական փորձագետը:
«Բոլորի համար էլ ակնհայտ է, որ տարածքային զիջումներ ասվածը վաղուց արդեն անցյալ է: Այս առումով հատկանշական է Շավարշ Քոչարյանի հայտարարությունը: Շատ հստակ շեշտադրում արվեց, ուզու՞մ եք ստատուս քվոյի փոփոխություն, ճանաչեք Արցախը, բանակցեք ագրեսային հետևանքները վերացնելու շուրջ»: