ԿարևորՀասարակություն

Հայապահպանությունը ժողովներով չեն անի

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Դեռ անցյալ դարի 60-70-ականներին վիրահայ համայնքի մշակութային կյանքն աշխույժ շրջանում էր,  շարունակում էին գործել բազմաթիվ մշակութային օջախներ.  հայկական դպրոցներ, հայագիտական ամբիոններ, հրատարկվում էին հայալեզու պարբերականներ, հեռարձակվում էին հայկական հեռուստա և ռադիո հաղորդումներ:

Հայկական ռադիոհաղորդումները, որ տևում էին մեկուկես ժամ, պարտադիր ունկընդրում էր յուրաքանչյուր հայ: Այն լսում էին նաև Մերձավոր Արևելքում: Վրաստանի Հանրային ռադիոյի հայկական հաղորդումների խմբագրությունում այդ տարիներին աշխատում էին հինալի մտավորականներ` գլխավոր խմբագիր Մկրտիչ Ասլանյանը և տեղակալ Գևորգ Օլքինյանը: Նրանք 64 թվականին Թիֆլիսի հայ հասարակության շրջանում մի մեծ շարժում սկսեցին։
«Հայապահպանությունը այսպես են անում, ոչ թե ժողովներով։ Նրանք ռադիոյով կոչ արեցին բոլոր հայկական դպրոցների աշակերտներին` առաջարկելով նրանց հարևան երեխաներին, ռուսական դպրոցներում սովորող ընկերներին ու բարեկամներին հավաքագրել և սովորեցնել հայերեն գրել կարդալ, ծանոթացնել հայ գրականությանն ու պատմությանը: Մի հզոր շարժում սկսվեց»,- հիշում է Սամվել Պողոսյանը։
Հայապահպանության այս ձեռնարկի հեղինակները հայերեն սովորող երեխաներին հնարավորություն էին տվել նաև հանդես գալ հայկական ռադիոժամի եթերում: 

«Այս ամենը ոգևորում էր այդ երեխաներին ու նրանց ծնողներին: Եվ սա իզուր տեղը թափված ջանքեր չէին. երեխաները հայոց լեզվի ջահը ձեռքներին տանում էին ռուսախոս ընտանիքներ: Ահա սա էր շարժումը, սա է ազգապահպանությունը. թե չէ ժողովներով ու կոչերով հայ չես պահի»,- ասում է զրուցակիցս, որն այդ ժամանակ ընդամենը 10 տարեկան էր, բայց 25 աշակերտ ուներ:

Ահա թե ինչպես է ստացվել, որ 60-ամյա զրուցակիցս 50 տարվա մանկավարժական ստաժ ունի: Նա մեծանում էր թիֆլիսահայ մտավորականության մի ակտիվ շրջանում` դաստիարակվելով որպես հայ մշակույթի ու հայապապանության նվիրյալ: 

Հետո էլ ինքը պետք է նման ազդեցություն ունենար իր ուսանողների վրա: Այժմ Պողոսյանի ուսանողները Վրաստանում հայապահպանությամբ մտահոգվող գործիչներ են, հայկական դպրոցներում ուսուցիչներ ու տնօրեններ:
Հիշում է իր աշխատանքային տարիները «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում: Թերթում, որ Վրաստանի կոմկուսի Կենտկոմի օրգանն էր, միակ անկուսակացկանն էր: Հոդվածներում իր ասելիքը միևնույնն է միշտ տպագրվում էր:
80 -ականերին և հատկապես «պերոստրոյկայի» տարիներին ու դրանից հետո էլ Սամվել Պողոսյանը շարունակում էր ակտիվորեն զբաղվել հայ համայնքի կազմակերպման խնդիրներով:
1989 թ հիմնադրել է «Վրաստանի հայկական մշակութային բարեգործական ընկերությունը», որի ձեռբերումներից ամենակարևորն այն էր, որ Գամսախուրդիայի իշխանության տարիներին երկու հայկական դպրոց է բացվել:
Այդ տարիներին Հայագիտական դասընթացներ էր կազմակերպում, որին մասնակցում էին ոչ միայն հայեր, այլև վրացիներ:

Իսկ 1994 թ. նա «Գաենաթի» համալսարանում բացեց հայկական բաժին: Դա դարձավ թվով երրորդ հայկական ամբիոնը վրացական համալսարաններում: Այսօր, սակայն, դրանցից գործում է միայն Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի հայագիտական ծրագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button