ԿարևորՀասարակություն

«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը՝ առաջիկա քայլերի մասին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Սիլվա Ադամյանը, Արամ Գրիգորյանը և Անդրիաս Ղուկասյանն այսօր լրատվամիջոցների միջոցով փոխանցեցին հայրենի իշխանություններին` գազի գնի բարձրացման ցանկացած պարագայում իրենք ցուցաբերելու են քաղաքացիական անհնազանդություն։
Սիլվա Ադամյանը վստահ է` «ՀայՌուսգազարդ» ընկերությունը չունի վերազինման կարիք, ինչով որ պատճառաբանում է գազի թանկացումը: Այդ ընկերությունը կարող է իր խոստացած ավելի լավ աշխատանքը ներկա միջոցներով էլ ցուցաբերել:
Որպես «Երեւանգազ»-ի նախկին աշխատակից` Սիլվա Ադամյանը պնդում է, որ «ՀայՌուսգազարդ»-ը նախկինում տված իր խոստումներն էլ չի պահել ու չի էլ պահում։

Բանախոսները կիսում են գազի թանկացման հետ կապված բոլոր մտահոգությունները` հարցին նայելով նաեւ մեկ այլ` բնապահպանական ասպեկտից: Գազի թանկացման դեպքում նրանք կանխատեսում են բնապահպանական լուրջ խնդիրներ ևս։
Գյուղերում մարդիկ արդեն սկսել են հրաժարվել գազով ջեռուցումից, եւ որեւէ մեկը չի կարող բռնել նրանց ձեռքը, որ ծառը չկտրեն, քանի որ հարցն արդեն մարդկանց կեցությանն է առնչվում: Նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանի փոխանցմամբ՝ այն, ինչի մասին իրենք խոսում են, գրավոր ձևով ներկայացնելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, թեեւ սպասելիքներն առանձնապես մեծ չեն, քանի որ իրենց համար պարզ է` հանձնաժողովը պատվեր է կատարում։

Մեկտեղելով բոլոր ու բոլորի հայտնած մտահոգությունները` «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ իրենք որոշել են տապալել իշխանությունների` գազի թանկացման որոշումն ընդունելու ռազմավարությունը: Իրենց հետագա քայլերը կլինեն անհնազանդության դրսևորմամբ, գազի գնի չվճարմամբ:
Անդրիաս Ղուկասյանը խոստացավ, որ նախաձեռնելու են բոլոր տեսակի ընդվզումները: Թե ինչով կավարտվի ողջ հասարակության անունից նրանց անհնազանդությունը, հարց է: Փաստը, սակայն, մեկն է` արդեն արդյունք չեն տվել ոչ Անդրիաս Ղուկասյանի ընտրական հացադուլը, ոչ էլ գազի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կառավարության ու Ազգային ժողովի մոտ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ արդեն ընդունելի է համարել գազի 1 խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը` գործող 132 դրամի դիմաց: 

Ցուցադրել ավելի
Back to top button