ԿարևորՀասարակություն

Ի պաշտպանության Նիշանյանի հանդես է գալիս միջազգային լրագրողական հանրությունը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն այսօր թուրքական իշխանություններին կոչ է արել բեկանել պոլսահայ լրագրող եւ բլոգեր Սեւան Նիշանյանին 13.5 ամսվա բանտարկության դատապարտելու որոշումը։

Նիշանյանը դատապարտվել էր ազատազրկման Մուհամմեդ մարգարեին վերաբերող սեփական բլոգում կատարած գրառման համար։

«Ազատազրկման դատապարտել լրագրողին, որը խոսում է զգայուն հարցերի մասին, անհարիր է ազատ հասարակությանը»,- հայտարարել է ԼՊԿ- ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան։

Նախօերին էլ՝ ի պաշտպանություն Սեւան Նիշանյանի հանդես էր եկել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։

«Նիշանյանի ազատազրկումը տեղեկատվության ազատության ոտնահարում է և ահազանգ՝ ուղղված լրագրողների ու բլոգերների միջազգային համայնքին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն՝ ANCA- ն իր «Ֆայսբուքյան էջում հայտնել է, որ դիմել են ԱՄՆ պետքարտուղարությանը, որպեսզի դատապարտի Թուրքիայի կառավարության գործողությունները Սեւան Նիշանյանի դեմ։

ANCA- ն հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ նույնպես կոչ էր անում ԱՄՆ իշխանություններին՝ բացահայտորեն դատապարտել «խիզախ լրագրողի դեմ հալածանքները», եւ արձանագրում, որ «ցավոք սրտի պետդեպարտամենտը անտեսեց այս հորդորները եւ բացեիբաց խոսեց Հրանտ Դինքի գործի մասին միայն նրա սպանությունից հետո»։

Ցուցադրել ավելի
Back to top button