ԿարևորՀասարակություն

Մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը կմնա պետպատվերի շրջանակներում

Մինչեւ 7 տարեկան երեխաների բժշկական սպասարկման մասին էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցների հրապարակումները առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մտահոգիչ է համարել Երևանի մանկական հիվանդանոցների ղեկավարների հետ այս կայացած խորհրդակցության ժամանակ։

«Անընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչև այժմ շատ լավ գործող ծրագիրը։ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերի շրջանակներում։ Հասկանալի է, որ ձմռանն արձանագրված գրիպի բռնկման պատճառով մեր շատ բուժհաստատություններ նախատեսվածից ավելի ծառայություններ են իրականացրել։ Հասկանալի է նաև, որ Երեխայի պետական հավաստագրի ներդրման, նոր ծառայությունների կազմակերպման ու բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մեծանում է դիմելիությունը, միաժամանակ բարձրանում ծառայությունների ինքնարժեքը։ Սակայն ոչինչ չպետք է խանգարի երեխաների անվճար բուժմանը։ Ահազանգերի դեպքում շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու»,- ասել է Դերենիկ Դումանյանը։

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությանը հանձնարարվել է ուսումնասիրել ֆինանսական հատկացումները` ըստ ծառայությունների, և անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ կատարել։ Մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը հանձնարարվել ուսումնասիրել մանկական ակնաբուժական ծառայության վիճակը`  բուժհաստատություններում մատուցվող  ծառայությունների ցանկը, դրանց հզորությունները,  սարքավորումներով և մասնագետներով հագեցվածությունը և այլն։
Միաժամանակ՝ հանձնարարվել է քննարկումներ կազմակերպել ստացիոնար և պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների  հետ` ծանրաբեռնվածությունները ճիշտ բաշխելու և միմյանց հետ համագործակցելու նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button