ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ ծննդօգնության հավաստագրերը տեղայնացվեցին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ստիպե՞լ կնոջը ծննդաբերել իր բնակության վայրի ծննդատանը, թե՞ թույլատրել նրան օրենքով տրամադրվող անվճար ծննդօգնությունից օգտվել իր նախընտրած բուժհաստատությունում` իր ընտրած բժշկի մոտ:
Հարցը վերջին շրջանում բուռն քննարկումների թեմա  է դարձել: Հերթական անդրադարձը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակն էր կազմակերպել:
Հիշեցնեմ` առողջապահության նոր նախարարի նոր հրամանով` Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը մայիսի 1-ից տեղայնացվել են: Այսպիսով` մայիսից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված կլինեն վճարել:
Միայն Երևանում գրանցված կանայք իրավունք կունենան օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների  անվճար ծննդօգնությունից: Նախարարությունում նոր կարգին բարեփոխում անունն են տալիս: Այնինչ՝ այդ փոփոխությունից դժգոհ են մարզերում գրանցված կանայք` հիմնավորելով, որ մարզային հիվանդանոցներում չկան համապատասխան պայմաններ ու մասնագետներ` անվտանգ ծննդօգնություն ապահովելու համար։

Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նման քայլը բացատրում է մարզային հիվանդանոցների համաչափ զարգացման հնարավորություն ստեղծելով։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ասում է, որ իրենք ավելի վաղ ուսումնասիրություն են կատարել, գնահատել հայ ընտանիքների վարքագիծը եւ պարզել 2-3-րդ երեխա չունենալու պատճառը:
Հարցվածների 44%-ը պատճառաբանել է, որ վստահություն չունի տվյալ միջավայրի հանդեպ, որտեղ բնակվում են: Հայրապետյանը հերթական անգամ հիշեցնում եւ ընդգծում է` Հայաստանի ժողովրդագրական վիճակն առանց այն էլ ուրախալի չէ, ուստի մեր ծերացող ազգի վերարտադրության վրա չարժե եւ չի կարելի ազդել անզգույշ փոփոխություններով:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առողջապահության նախարարության  նոր որոշման մեջ վտանգավոր միտումներ նկատում. եթե մարզերում ծննդօգնությունը որակյալ լինի, ոչ մի ընտանիք չի ցանկանա տեղից տեղ գնալ, վստահ է Թեւանյանը:
Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը թվարկված մտահոգություններին ավելացնում է իրենը` ծննդօգության հավաստագրերի տեղայնացումն առաջացնում է հետևյալ խնդիրները՝ ծնելիության մակարդակի իջեցում, կոռուպցիոն ռիսկեր, մոր և մանկան մահացության կամ ծննդաբերության արդյունքում առաջացած խնդիրների դեպքերի աճ՝ մարզային մակարդակի անհամապատասխանության հետևանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button