Խորհրդարանակaն ուժերն այսօր ավանդաբար ամփոփել են ԱԺ հերթական քառօրյայի արդյունքները: Այն իրականում առանձնահատուկ էր քննարկումների ոճով ու բովանդակությամբ, նաև ՝ հիշարժան ելույթներով ու արտահայտություններով:
Քառօրյայի 4 օրերից երեքուկեսը խորհրդարանը նվիրեց կառավարության ծրագրի քննարկմանը: ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր խոսել են ոչ միայն քննարկման ընթացքից ու արդյունքներից, այլ նաև ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերություններից ու մտածողության հեղափոխությունից, ինչր քննարկման ավարտին արձանագրել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը խորհրդարանին ոչ թե ծրագիր, այլ հռչակագիր էր ներկայացրել, ամփոփելով կառավարության ծրագրի շուրջ խորհրդարանական եռօրյա քննարկումները` ասաց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Դաշնակցությունը ծրագրին դեմ է քվեարկել ոչ միայն անորոշ ու հռչակագրային լինելու պատճառով, այլ նաև այն հիմնավորմամբ, որ կառավարությունը մի շարք խնդիրների պարզապես չի անդրադարձել:
Կառավարությունը ոչ թե ծրագիր, այլ հռչակագիր է ներկայացրել
Արծվիկ Մինասյան
« Ծրագրում որևէ ձևակերպում չկա նոր ատոմակայաի կառուցման վերաբերյալ, խոսք չկա ազգային փոխադրողի, գազատրանսպորտային համակարգի, էներգետիկ անվտանգության ու բալանսավորման մասին»,- ասաց պատգամավորը։ Սրանք ծրագրին դեմ քվեարկելու դաշնակցության տնտեսական հիմնավորումներն էին։ Ինչ վերաբերում է քաղաքականին, ապա Արծվիկ Մինասյանը քառօրյայի՝ կառավարության ծրագրին նվիրված 3.5 օրերի քննարկումն այսպես է բնութագրեց.
«Ընդդիմությունը քննադատում էր հիմնավորված, իշխանությունը պաշտպանվում էր առանց հիմնավորման՝ վիրավորելով ու պիտակավորելով»: Նախորդ քառօրյան իրականում առանձնահատուկ էր քննարկումների ոճի ու բովանդակության առումով, նաև ՝ հիշարժան ելույթներով ու արտահայտություններով։ Քառօրյայի առաջին օրը՝ ծրագիրը ներկայացնելիս, օրինակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց մտածողության հեղափոխության մասին, իսկ քննարկման ավարտին նկատեց, թե երեք օրերի ընթացքում դահլիճում մտածողության փոփոխություն տեղի ունեցավ: Զգացի՞ն արդյոք հեղափոխության այդ շունչը պատգամավորները։
«Այդ հեղափոխության ծիլերն անգամ մենք չտեսանք»,- ասում է դաշնակցական գործիչը՝ հակառակը՝ նշելով, թե ընդդիմության ու իշխանության միջև ջրաբաժանն ավելի խորացած է տեսնում, իսկ անհանդուրժողականությունն ավելի կարծրացած։ Երեք օրերի ընթացքում Ազգային ժողովի դահլիճում հեղափոխության ականտես չի եղել նաև ՀԱԿ խմբակցությունը, բայց մի նոր միտում արձանագրել է:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զւորաաբյանն այսօր ասաց, որ նախորդ քառօրյան ցույց տվեց, որ «պառլամենտում ձևավորվել է համախմբված ընդդիմություն»:
Խորհրդարանում ձեւավորվել է համախմբված ընդդիմություն
Լեւոն Զուրաբյան
Զուրաբյանին այս համոզմանն են բերել քառօրյայի ընթացքում կայացած երեք քվերակությունները. մարտի 1- ի հանձնաժողովի ստեղծում, փոփոխություններ Ընտրական օրենսգրքում և կառավարության ծրագրի հաստատում:
Երեք դեպքերում էլ ՀԱԿ-ին, «Ժառանհությանը», ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին միավորեց դեմ քվեարկությունը:
Սրանից, Զուրաբյանի կարծիքով, իշխանությունները կորցրել են ինքնավստահությունը: Ապացույցը, ըստ նրա, այն է, որ կոալիցիայի անդամները ողջ քննարկման ընթացքում ոչ այնքան քննադատությանը պատասխանեցին, որքան ընդդիմությանը քննադատեցին:
Քննարկումը Լևոն Զուրաբյանին երկրորդ դրական եզրահանգմանն է բերել. «Մեր խորհրդարանը դարձել է խորհրդարան՝ անկախ իր բոլոր թերություններից»: Այդ նույն քննարկումներում քննադատության բավական մեծ չափաքանակ բաժին ընկավ հենց ՀԱԿ-ին: Սկսած Արմեն Աշոտյանի այն դիտարկումից, թե 7 հոգանոց խմբակցությունում արդեն 5 քաղաքական կենտրոն կա, ավարտած Գալուստ Սահակյանի դիտարկումով, թե ՀԱԿ-ը զրոյացել է։ «Փաստորեն՝ մի զրո կա Հյաստանում, որի մասին օր ու գիշեր խոսում են իշխանությունները, որը նյարդայնացնում է վարչապետին ու ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որը ժողովրդին ճշմարտությունն է ներկայացնում: Շատ հզոր զրո է»։
Մտքի հեղափոխությունը շատ դժվար բան է
Գալուստ Սահակյան
Նույն հարցը Գալուստ Սահակյանին ուղղվեց. եթե խոսքը զրոյի մասին է, ապա ինչու է այդքան շատ խոսվում։ «Որովհետև զրոյից առաջ եթե թիվ ես դնում, մի բան դառնում է, եթե հետո ես դնում, ոչինչ չի դառնում»: Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը հետոյի մասին է խոսել:
Վերադառնալով հեղափոխությանը. հետաքրքիր էր, թե հեղափոխության շունչն արդյոք զգաց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Պարզվեց՝ Գալուստ Սահակյանը նույնքան հեշտ չի պատկերացնում մտածողության հեղափոխությունը։ «Մտքի հեղափոխությունը շատ դժվար բան է, դա ամբողջ կյանքում պետք է փորձես ներառել»,- ասաց։