Հասարակություն

Գործարկվում է Թել Ավիվ- Երեւան չվերթը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հունիսի հինգից «Արկիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու Թել Ավիվ-Երևան և Երևան-Թել Ավիվ ուղղություններով: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն կարծում է, որ նոր չվերթը շատ լավ կլինի Հայաստանի համար, քանի որ Իսրայելը մոտ 6 մլն բնակչություն ունի եւ միլիոնավոր մարդիկ են տարեկան Իսրայելից մեկնում զբոսաշրջության արտասահմանյան երկրներ։

Հայաստանը մոտ է Իսրայելին եւ մեծ ներուժ ունի իսրայելցի զբոսաշրջիկների ընդունելու համար: Նոր կանոնավոր չվերթը, ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր մենեջերի, սկիզբն է երկու երկրների համար շատ եկամտաբեր հարաբերությունների առումով։
Երևան-Թել Ավիվ չվերթի տոմսի արժեքը կսկսվի 310 դոլարից: Երևանում գործում է նաեւ ընկերության ներկայացուցչությունը: Ընկերության հայաստանյան ներկայացուցիչները տեղեկացրին նաեւ, որ հեշտացված է Իսրայելի վիզա ստանալը: Այն արդեն կարելի է ստանալ Հայաստանում` զբոսաշրջային ընկերությունների միջոցով:
«Արկիան» նախատեսել է շաբաթական մեկ չվերթ: Երեքշաբթի օրը օդանավը կմեկնի Թել-Ավիվից, իսկ Երևանից նույն օրը կեսգիշերին` երկուսուկես ժամ անց, կլինի Իսրայելում:

Ի դեպ՝ օգտվելով առիթից՝ այսօր հետաքրքրվեցինք նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագրով: «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխկյանը հերքեց տեղեկությունները, թե ցանկանում են քանդել հին մասնաշենքը:
Նա ասաց, թե պարզապես հետագայում, եթե օդանավակայանն ընդլայնելու անհրաժեշտություն լինի, հին մասնաշենքը կխանգարի դրան: Նրա փոխանցմամբ` իրենք օդանավակայանի զարգացման ծրագրեր էին ներկայացրել, որի մեջ ներառված էր կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ կետը, սակայն այն քաղաքապետարանը մերժել է:

Ցուցադրել ավելի
Back to top button