Հասարակություն

Ցեղասպանության զոհերի ժառանգների ապահովագրական գումաների վերադարձի գործը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի տրամադրության տակ է

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների ապահովագրական գումաների վերադարձի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ ամերիկահայ փաստաբանների ուշադրության կենտրոնում: Գործն այժմ ԱՄՆ Գերագույն դատարանի տրամադրության տակ է: Այն առաջիկա երեք ամսվա ընթացքում կհրապարակի որոշումը: Ամերիկահայ փաստաբանները սպասում են, թե ինչ ճանապարհ կընտրի ՄՆ-ի Գերագույն դատարանը, դրանից էլ կախված կլինի ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերությունների չվճարած գումարների վերադարձի նպատակով դատական գործերի ճակատագիրը:

Դեռևս 2000 թվականին Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանն օրենք ընդունեց, որը հայ քաղաքացիներին 10 տարի ժամկետ էր տալիս` իրավական ճանապարհով հետ ստանալ ցեղասպանության հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից չվճարված գումարները: 2011-ին ժամկետը երկարեցվեց ևս 10 տարով, քանի որ գործը դեռ ավարտված չէր: Հայ փաստաբանները շահեցին Նյու Յորք լայֆ և Աքսա ապահովագրական ընկերությունների դեմ բացած դատական գործերը, և այդ ընկերությունները վճարեցին իրենց հայ հաճախորդների ժառանգների հասանելիքը:

Գերմանական ապահովագրական ընկերությունները սակայն, որոնք նույնպես Օսմանյան կայսրությունում ունեցել են հարյուրավոր հայ հաճախորդներ, ամեն ինչ անում են դատական գործը խափանելու և գումարները չվերադարձնելու համար: Նրանք Վերաքննիչ դատարանում բողոքարկեցին Կալիֆորնիայի օրենքը, պատճառաբանելով, թե ՄՆ-ը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և Կալիֆորնիայի նահանգը չի կարող օրենք ընդունել, որը հղում է կատարում ցեղասպանությանը: Վերաքննիչը բավարարեց նրանց հայցը: Որից հետո հայ փաստաբանները դիմեցին ՄՆ-ի Գերագույն դատարան` վերաքննիչի որոշումը բեկանելու հայցով:

Գերագույն դատարանը, մինչ կհայտարարի` քննության կառնի հայցը, թե ոչ, դիմեց ՄՆ-ի պետքարտուղարությանը` արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքն այդ առիթով ճշտելու համար: Պետքարտուղարության փաստաբանի կարծիքով Գերագույն դատարանը չպետք է քննի գործը: Հայ փաստաբաններն ի պատասխան այսօր իրենց մեկնաբանությունը ներկայացրին Գերագույն դատարան, հայտնեց ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանը:

Հայ փաստաբաններն իրենց պատասխանում շեշտում են, որ Կալիֆորնիայի օրենքում ցեղասպանության մասին նշված է միայն`ճշգրիտ նշելու այն ժամանակահատվածը, որի ընթացքում ապահովագրական ընկերությունների հայ հաճախորդները սպանվելու կամ արտաքսվելու հետևանքով զրկվել են գումարները ստանալու հնարավորությունից` 15-23 թթ.-ին: Ասել է թե` օրենքը ցեղասպանության ճանաչման հետ կապ չունի:

Հայկական կողմից բացի, Գերագույն դատարանին, հօգուտ Կալիֆորնիայի օրենքի, իրենց մասնագիտական կարծիքն են ներկայացրել նաև Կալիֆորնիայի, Մասաչուսեթսի, Ռոդ Այլնդի և Արիզոնայի դատախազները, նաև` 4 համալսարանների պրոֆեսորներ: Այդ կարծիքները և պետքարտուղարության փաստաբանի հորդորը քննելուց հետո Գերագույն դատարանը առաջիկա երեք ամսում կորոշի` քննության առնել Վերաքննիչի որոշումը բեկանելու հայցը, թե ոչ:

Վարդգես Եղիայանը հայտնեց, որ ԿԱլիֆորնիայի օրենքի շրջանակում բացված միայն մեկ` Արզումանյանի և ևս 3 անձանց խմբակային գործը ենթադրում է Գերմանական Մյունիխ Ռե բանկից, որը Վիկտորիայի իրավահաջորդն է, ստանալ մոտ 10 մլն դոլար` այս պահին փաստաբանի ձեռքի տակ եղած ցուցակում ներգրավված 500 հայերի ժառանգների համար: Այդ թիվը կարող է աճել, եթե գործը դրական ընթացք ստանա, և արխիվները լրացուցիչ ուսումնասիրվեն:

Նույնիսկ եթե Գերագույն դատարանը չքննի կամ ուժի մեջ թողնի Վերաքննիչի որոշումը, հայ փաստաբաններն ըստ Վարդգես Եղիայանի, կանգ չեն առնի. վիճակը շտկելու շատ ձևեր կան` ընդհուպ մինչև անխոցելի ձևակերպված նոր օրենք ներկայացնելը: Այնպես որ, նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցը իրենք` փաստաբանները կնշանավորեն ոչ միայն ապահովագրական, այլև հողային և գույքային պահանջների նոր դատական գործերով:

Ցուցադրել ավելի
Back to top button