Հասարակություն

Վերլուծաբան.Իրանի նախագահական ընտրություններում որոշիչ է լինելու հոգևոր առաջնորդի խոսքը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հունիսի 14-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել մոտ 700 մարդ: Առաջիկա ընտրապայքարին, սակայն, կմասնակցի նրանցից ութը: Նշենք, որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող առաջադրել իր թեկնածությունը, քանի որ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է հունիսին: Իրանի նախագահի ընտրություններին չեն կարող մասնակցել նաև կանայք:

Իրանի սահմանադրության Պահապանների խորհուրդը հայտնել է, որ ըստ օրենքի կանայք չեն կարող հավակնել նախագահի պաշտոնին: Նշենք, որ 30 կին գրանցվել էր որպես նախագահի թեկնածու, սակայն թեկնածուների վերջնական ցուցակը հաստատում է  խորհուրդը:

Մասնագետների կարծիքով` Իրանի սահմանադրության մեջ ճշգրիտ չի նշվում` կարող են կանայք առաջադրել իրենց թեկնածությունը, թե` ոչ: Ինչևէ, Իրանի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էր առաջադրել 686 մարդ: Արդեն հայտնի են այն անձանց անունները, ովքեր պահապանների խորհրդի որոշմամբ կմասնացեն առաջիկա ընտրություններին, նրանց թիվը ութն է:

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գոհար Իսկանդարյանն է ներկայացնում: «Բոլոր թեկնածուներն ունեն գիտությունների դոկտորի կոչում, գրեթե բոլորը աշխատում են համալսարաններում, բավական խարիզմատիկ անձնավորություններ են, ունեցել են շատ լուրջ անցյալ եւ «պատահական» մարդիկ չկան ցուցակում»:

Մինչ վերջնական տվյալների հրապարակումը տեղական լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր, որ ցուցակում ընդգրկված կլինի նաև Իրանի նախկին նախագահ Ռաֆսան Ջանին, սակայն ըստ հայ վերլուծաբանի ի սկզբանե ակնհայտ էր նա չի կարող մասնակցել ընտրապայքարին, քանի որ արդեն 78 տարեկան է: Իրանի իսլամամական հանրապետության նախագահ կարող են դառնալ 40-75 տարեկան անձիք: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ևս չէր կարող առաջադրել իր թեկնածությունը, քանի որ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է հունիսին:

Ցուցակում ընդգրկված ութ անձանցից ով է Իրանի նախագահի ամենահավանական թեկնածուն հարցին, ըստ վերլուծաբանի, դժվար է պատասխանել, քանի որ գործ ունենք բավականին փակ հասարակության հետ, որի վերբերյալ կանխատեսումներ անելը անշնորհալկալ գործ է: Բայց որոշ ենթադրություններ կարող են լինել ` կախված այն հանգամանքից, որ Իրանում որոշիչ է լինելու հոգևոր առաջնորդի խոսքը:

Գոհար Իսկանդարյանը հիշեցնում է, որ սրանք ընդամենը ենթադրություններ են: Իրականում Իրանը մի պետություն է, որտեղ չի կարելի բացառել ոչինչ: Նրա խոսքով 2005 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աշխարհում չկար որևէ տեսաբան, ով կանխատեսում էր Ահմադինեժադի հաղթանակը: Վերլուծաբանը նաև շեշտում է` հայ-իրանական հարաբերությունները որևէ փոփոխություն չեն կրի ութ թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրության դեպքում: Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ընդհանրապես, արմատական փոփոխություններ չեն սպասվում:

Ցուցադրել ավելի
Back to top button