Հայ ուսանողները կապ հաստատեցին ամերիկյան ռեակտորի հետ


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում միջուկային էներգիայի վերաբերյալ ԱՄՆ հովանու ներքո կազմակերպված աշխատաժողովում հեռակա կապ է հաստատվել Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ: Սա առաջին նման ձեռնարկն է Կովկասում:
Աննախադեպ այս ձեռնարկը հնարավոր է դարձել ամիսներ տեւած պլանավորման եւ կազմակերպված աշխատանքների շնորհիվ, նկատում է մեր երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
«Այս ձեռնարկն այն ուսումանական ծրագրերի մասն է կազմում, որոնք նախատեսված են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անցյալ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագրով` էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ»,- նշեց Ջոն Հեֆերնը` հիշեցնելով նաեւ, որ այդ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն մի քանի միլիոն դոլար է նախատեսել` Մեծամորի ատոմակայանի շահագործման պայմանները բարելավելու համար:
Դեսպանի խոսքով` հենց այդ նպատակով նաեւ կարեւոր է, որ կազմակերպվի տաղանդաշատ, շնորհալի ուսանողների ուսուցումը: Դա էլ կատարվում է հենց օրվա ծրագրի մեկնարկով` ԱՄՆ-ում գտնվող միջուկային ռեակտորի հետ ինտերնետային կապի հաստատմամբ։
Հեռաուսուցման այս տարբերակը կարեւորեց նաեւ ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Սա հնարավորություն կտա անմիջականորեն գործող ռեակտորի վրա կատարել որոշակի լաբորատոր աշխատանք: Դասընթացները յուրօրինակ շփման հնարավորություն են ստեղծում, ինչին հաճույքով մասնակցում են ուսանողները, նկատեց Ոստանիկ Մարուխյանը։
Նախաձեռնության հաջող ելքը կարեւոր է երկու կողմերի համար էլ եւ կենտրոնը կարող է դառնալ տարբեր տեսակի հետազոտությունների համար կենտրոնատեղի, եզրափակեց ռեկտորը։