ԿարևորՏնտեսական

Կարկուտից տուժած գյուղացիների վարկերի մարման ժամկետները կերկարաձգվեն

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Արմավիրի մարզում կարկուտից տուժած տնտեսությունները կազատվեն հողի, ջրի հարկերից, ինչպես նաև արտարժույթային հարկերը կփոխարինվեն դրամային վարկերի: Նման որոշում է այսօր ընդունել Կառավարությունն իր հերթական նիստում: Տիգրան Սարգսյանն այսօր ներկայացրել է Արմավիրի մարզում ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու կառավարության քայլերը: Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ ուշ երեկոյան փոխվարչապետի, գյուղնախարարի ու կենտրոնական բանկի նախագահի հետ այցելել է Արմավիր, որտեղ ամփոփել են վերջին 10 օրվա ընթացքում կատարված աշխատանքները:

«Իսկապես աննախադեպ կարկուտ է տեղի ունեցել մայիսի 12-ին, և բազմաթիվ տնտեսությունների համար դրանք ցավալի հետևանքեր են ունեցել»,-ասել է վարչապետը: Նրա խոսքով` շուրջ 17 հազար հեկտար հողատարածություն է վնասվել, ըստ որում` 46 համայնքից 23-ում 100%-ով է բերքին վնաս հասցվել: Որոշվել է տարբերակված մոտեցում ցուցաբերել խաղողի, պտղատու այգիների ու բանջարբոստանային ցանքատարածությունների նկատմամբ: Մասնավորապես՝ խաղողի այգիների առումով օժանդակությունը կլինի 3 տարվա, պտղատու այգիների մասով՝ 1-2 տարվա, իսկ բանջարաբոստանային կուլտուրաները արագ կարող են վերականգնել:

«Առևտրային վարկերի մասով նույնպես աջակցություն կլինի: Շահառուների նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում»,-ասել է վարչապետը: Գյուղացիների վերցրած վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումը, ըստ անհրաժեշտության և իրավիճակի, սառեցվելու է որոշակի ժամկետով, դոլարային վարկերը կփոխարինվելու են դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ: Սոցիալապես անապահով ընտանիքները նաև ֆիանսնական աջակցություն կստանան:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Արմավիրի մարզից ընտրված պատգամավորները հանդես են եկել նախաձեռնությամբ: Բացվելու է հիմնադրամ, որտեղ կարող են փոխանցումներ անել բոլոր ցանկացողները: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարության անդամները ևս կմիանան այդ նախաձեռնությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button