ԿարևորՀասարակություն

Գազի նախնական գինը կլինի 156 դրամ, իսկ էներգիան կթանկանա 27 տոկոսով

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

«Հայ-ռուսգազարդ» ընկերության կողմից ներկայացված գազի սակագնի վերանայման հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է մայիսի 14-ին: Հայտի ուսումնասիրություններն արդեն սկսված են:
Ըստ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի` սակագնի վերանայման մասին խոսակցությունները շրջանառվում էին    դեռևս 2012 թվականից: Նախնական տվյալներով՝ գազի սակագինը մեկ խմ-ի համար ներառյալ ավելացրած արժեքի հարկը  կարժենա 156 դրամ` այժմ գործող 132 դրամի փոխարեն։
Գործատուների հանրապետական  միության նախագահ Գագիկ Մակարյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարճ ժամանակահատվածում հանձնաժողովն ուսումնասիրեց ներկայացված ամբողջ փաթեթը և հայտարարեց նախատեսվող սակագինը։

«Կարծում եմ, որ այստեղ ավելի շատ հայտարարությունն ուղղված է մեղմացնելու և հանգստացնելու իրավիճակը, որ մոտավորապես այս սահմաններում է լինելու»,- ասում է նա։

Վերջինիս ձևակերպմամբ` այս իրավիճակում տուժում է ոչ միայն բնակիչը, այլ նաև փոքր և միջին բիզնեսը: Գործատուների հանրապետական միության արած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր և միջին ձեռնարկությունները  գործում են ցածր շահութաբերությամբ:  Այս պայմաններում ոչ մի երաշխիք չկա, որ ձեռնարկությունները կպահպանեն իրենց գործունեության ցանկությունը, ասում է միության փոքր և միջին բիզնեսը ներկայացնող Իսահակ Աբրահամյանը:

4-5 հոգուց բաղկացած ընտանիքն այս ցուցանիշներով թանկացումների դիմաց ձմռանը գազի համար կվճարի 100 հազար դրամ, այսինքն՝ ստացվում է, որ մեկ ամսվա  աշխատավարձը ընտանիքի անդամը պետք է հատկացնի գազին, ասում է գործատուների հանրապետական միության նախագահը` հավելելով , որ սրան գումարենք   համատարած թանկացումները, պատկերը դառնում է վախեցնող:

Վերանայվում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Այն կբարձրանա մոտ 27 տոկոսով, քանի որ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի՝ էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսն այսօր ապահովում են ջերմաէլեկտրակայանները: Սակայն միակ պատճառը սա չէ։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կապված է նաև ատոմակայանում առկա անվտանգության խնդիրների և աշխատողների աշխատավարձի բարձրացման հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button