

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Նախախորհրդարանը» պարտավորություն չունի իր պայքարն անպայման Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շարունակելու: Ապրիլի կեսերից այն իր պայքարն ինքնուրույն է շարունակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է «Նախախորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, թե իրենք մերժում են որեւէ մեկի հետ համագործակցությունը:
Արդյոք «Նախախորհրդարան»-ն ունի վստահություն հասարակության մոտ: Արձագանքելով այս հարցին` նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, թե իրենք խնդիրը նման ձեւով չեն դնում, փոխարենը` վստահ են, որ ճիշտ են, սակայն, անսխալական չեն եւ հենց այդ պատճառով էլ անցել են հրապարակային շարժման եւ լայն քննարկումների` փորձելով իրենց ծրագրերում ներգրավել լայն զանգվածների: Շարժումն էլ կոլեգիալ է ղեկավարվում, քանի որ, կարծում են, որ պետք է հաղթահարել ինչ-որ փրկչի սպասելու արմատացած գաղափարը:
Պետք է սովորել նաեւ կոլեգիալ որոշումներ կայացնել ու կոլեգիալ պատասխանատվություն կրել` կարծում է Ալեք Ենիգոմշյանը: Անդրադառնալով մայիսի 17-ին «Նախախորհրդարան»-ի անցկացրած հանրահավաքին` բանախոսը նշեց, թե իրենց հանրահավաքները ծրագրեր ներկայացնելու եւ դրանց շուրջ ինքնակազմակերպվելու նպատակ են հետապնդում:
«Նախախորհրդարան»-ի անդամն ասաց, թե իրենց հաջողվել է քննարկում ծավալել «ինչ Հայաստան ենք ուզում եւ ինչ ճանապարհներով» հարցի շուրջ, իսկ այդ քննարկումները կշարունակվեն նաեւ առաջիկայում եւ կլինեն եզրահանգումներ: «Նախախորհրդարան»-ի անդամի խոսքով` լուզունգներին պետք է հաջորդեն կոնկրետ գործեր, իսկ տվյալ դեպքում խնդիրը մեկն է:
Նախախորհրդարանում համոզված են, որ վերջին 10 օրերին տեղի ունեցած իրադարձությունները` ուժեղ կարկտահարության պատճառով առաջացած գյուղացիների զայրույթը, գազի թանկացումը, բանակում արձանագրված դեպքերը, արտագաղթը հուշում են, որ այլեւս ժամանակ չկա սպասելու ու փոփոխություններ կարող են տեղի ունենալ շատ ավելի շուտ, քան իրենք նախատեսել էին: Ենիգոմշյանի համոզմամբ` իրապես որակական փոփոխություններ երկրում առաջացնելու համար կա առավելագույնը երկու տարի: