Սպորտ

Վիկ Դարչինյանի հերթական հաղթանակը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայիսի 12-ին ԱՄՆ-ի Լարեդո քաղաքում 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, հայաստանցի Վիկ Դարչինյանը նոկաուտով հաղթել է մեքսիկացի Խավիեր Գալոյին: Սա 37-ամյա մարզիկի պրոֆեսիոնալ ռինգում 45-րդ մենամարտն էր և 39 –րդ հաղթանակը: Նշենք, որ այս մենամարտը չեմպիոնական տիտղոսի համար չի եղել:

7 տարեկանից Վազգեն Բադալյանի մոտ մարզված Վիկ Դարչինյանն բացարձակ չեմպիոնի կոչման և բազում հաթանակների է արժանացել: Վիկ Դարչինյանի անձնական մարզչի խոսքով` մարզումների առաջին իսկ օրերից ակնհայտ էր, որ նա մարտիկ է և կռվելու ցանկությունը մեջը եռում է: Վիկի հաջողությունները գրանցվել են սիրողական բռնցքամարտում` դառնալով Եվրոպայի կրկնակի գավաթակիր և աշխարհի Եվրոպայի մրցանակակիր: Սակայն Վիկի ոճը չէր համընկնում սիրողական բռնցքամարտի հետ, ասում է մարզիչը:

Բադալյանի կարծիքով` Վիկի մենամարտի ոճը նման էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի ոճին, մարզիկը մեծ արենաներում գրանցեց իր լավագույն հաղթանակները: «Վիկը գրավել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գագաթը: Դա բացարձակ չեմպիոնի կոչումն է և առավել ևս, որ այդ շրջանում ուներ 4 չեմպիոնական գոտի: Բոլոր չեմպիոնական տիտղոսների տերը դարձավ, որն էլ հենց տալիս է բացարձակ չեմպիոնը»:

Աշխարհում շատ քիչ մարզիկներ են արժանացել այդ մրցանակներին, նշում է մարզիչն ու օրինակ բերում Վլադիմիր Կլիչկոյին, ով եղբոր հետ միասին է ունեցել այդքան գոտի: Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում արձանագրել է այնպիսի հաղթանակներ, որոնք Բադալյանի ձևակերպմամբ, չեն լինի երկար տարիներ: Վերջին մենամարտում Վիկ Դարչինյանը հանդես էր գալիս նոր քաշային կարգում և պետք է մտներ հնգյակի մեջ, որպեսզի հնարավորություն ունենար մենամարտելու չեմպիոնի հետ:

Վիկի հաջորդ մենամարտը հնարավոր է լինի օգոստոսին կամ սեպտեմբերին: Մարզչի խոսքով` դժվար պայքար է սպասվում : Մրցակիցը լինելու է մեքսիկացի Տերասան:

Ցուցադրել ավելի
Back to top button