ԿարևորՏնտեսական

Ջոն Հեֆերն.Հայաստանը շարունակում է էներգետիկ տեսանկյունից առավել մեծ կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան, վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով այսօր մեկնարկած համաժողովի ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին, վերականգնվող էներգիային եւ էներգախնայողությանն առնչվող հարցեր: Լրագրողներն օրվա հիմնական բանախոսներին` Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին ուղղել են վերջին օրերի ամենամտահոգիչ հարցերը` կապված գազի թանկացման հետ:

Իրանի կողմից Հայաստանին առաջարկվող գազի գինն ավելի բարձր է, քան այն գինը, որն առաջարկում է Ռուսաստանը: Սա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանն է հարցին, թե ինչու մեր կառավարությունը չի փորձում Իրանից գազ գնել` որպես ռուսական թանկացող գազին այլընտրանք: 40 կիլոմետր երկարությամբ Իրան-Հայաստան գազատարը շահագործելու համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ, ուստի ծախսերը հաշվի առնելով` այն «Հայռուսգազարդ» ընկերության շահագործմանն է տրամադրվել, սակայն ոչ վաճատվել, ընդգծեց նախարարը, նաեւ հերքեց, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վաճառել Որոտանի ՀԷԿ-ը Ռուսաստանին` գազի սակագնի սուբսիդավորման համար: Այս հարցերի լուծումը դեռ փորձ է արվում գտնել ռուսական կողմի հետ բանակցությունների միջոցով: Անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանը Վրաստանին գազն ավելի էժան է տալիս, քան Հայաստանին, Մովսիսյանը նկատեց, որ Վրաստանի տարածքով է անցնում Ադրբեջանից Թուրքիա տարանցվող ռուսական գազատարը, ինչի արդյունքում էլ նրանք էժան գազ են ստանում:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը գազի թանկացումը հասարակական հնչեղության խնդիր է համարում եւ կոչ է անում հարցը քննարկել թափանցիկության ապահովմամբ: Ջոն Հեֆերնի խոսքով` ԱՄՆ-ը ներգրավված չէ գազի գնի հարցում Հայաստան-Ռուսաստան բանակցություններին եւ չի էլ ցանկանում մեկնաբանել երկու գործընկեր երկրների հարաբերությունները: Մյուս կողմից ԱՄՆ-ը դեսպանը նաեւ չհերքեց տեսակետերը, թե հարեւան Իրանից ստացվող գազը թանկանում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից ճնշումների ու սահմանափակումների հետեւանքով: Իսկ օրվա համաժողովի թեմային` վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հարցերին անդրադառնալով` Հեֆերնը շեշտեց` Հայաստանը շարունակում է էներգետիկ տեսանկյունից առավել մեծ կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից:

ԱՄՆ-ի խորհուրդն է Հայաստանին` էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման ու էներգախնայողության ավելացման նոր ուղիներ փնտրել` ներմուծվող նավթից եւ բնական գազից կախումը գոնե թեթեւացնելու համար: Էներգետիկ ոլորտի կայունացումը տնտեսության եւ մասնավորապես ցածր եկամուտների տեր ու խոցելի տնային տնտեսությունների վրա դրական կանդրադառնա: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հարցին առավել լավատեսորեն է մոտենում: Մեր էներգետիկ ոլորտը նա բավական անկախ է համարում: Ակնկալվում է, որ դրան պետք է նպաստեն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման եւ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման դեռ հետաձգվող ծրագրերը:

Back to top button