ԿարևորՏնտեսական

Մկրտիչ Մինասյան.Կառավարության որոշումները սառը ցնցուղ կլինեն սոցիալական բունտ կանխատեսողների համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գազի սակագնի հնարավոր բարձարցման հարցը վաղը երեկոյան շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկվելու է ԱԺ-ում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ ըստ էության որևէ նոր բան չի ասել, սոցիալական բունտ չի կանխատեսել, ավելին, խոստացել է՝ կառավարության որոշումները՝ վերջին օրերին քննարկվող սոցիալական հարցերի վերաբերյալ (գազի սակագնի բարձրացում, կարկտահարություն), սառը ցնցուղ է լինելու չարակամների գլխին:

Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նկատել է՝ «Հասարակության լայն շերտի՝ գրեթե բոլորի հետ կապված մի երևույթ է գազի սակագնի բարձրացումը, բնականաբար, դրա թափանցիկությունը ցանկալի է բոլորի համար»:

Ձմռանը կվերադառնա՞ նք արդյոք փայտ կամ աթար վառելուն, թե՞ ջեռուցման նպատակով կշարունակենք գազ սպառել: Երկու տարի առաջ, երբ Վարդան Բոստանջյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, գազի սակագնի բարձրացման մասին անհանգստությունները փարատելով, բնակչությանը աթար վառելու խորհուրդ էր տվել: Այսօր ԲՀԿ-ական, սակայն, ոչ պատգամավոր Բոստանջյանը ինքը հիշեցրեց իր առաջարկը՝ ցրելով նաև այն կասկածները, թե աթար վառելը էկոլոգիապես վնասակար է, հիշեցումն ի դեպ, ուղղված էր ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանին.«Մինասյան ջան, հիշում եք երկու տարի առաջ անունս դրեցին Աթարբեկ, ինչ ա ասեցի, գնացեք աթար վառեք, ձեզ ով է ասել վերջին գեղի, վերջին տնից գաք, թառեք բազմաբնակարանում ու գազ վառեք: Ես էլ չեմ գնա, աթար չեմ վառի, դուք կարծում եք, որ սենց մեծ-մեծ, որ խոսում եմ, ես ինքս կատարո՞ղ եմ: Ես ուզում եմ ասել, որ մենք դեֆորմացվել ենք»: 

Ինչպես քաղաքացիների, այնպես էլ Վարդան Բոստանջյանի մոտ բազմաթիվ են գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված անհասկանալի հարցերը: «էս 30 տոկոսը, որ ասում ենք, դիֆերենցված մոտեցում է հասարակությանը: Չենք պարզել, չենք հասկանում ասենք էդ 1,6 -2 մլրդ մենք սուբսիդավորում ենք ընդհանուրը, թե՞ աղքատներին, ավելի փոքր շերտերի, բայց Մինասյան ջան ես ձեզ հավատացնում եմ, դուք ինքներդ էլ գիտեք, ոչ թե վաղը, դա կարելի էր կանխավով ժողովրդի առջև դնել, եթե ինչ-որ բան պատահի, ուրեմն իմացեք այսպիսի սցենարն են դրված: Ինչու՞ պետք է երեկոյան իմանանք, ինչու՞ դրա մասին մենք չենք կարողանում շուտ իմանալ: Հասարակության լայն շերտի՝ գրեթե բոլորի հետ կապված մի երևույթ , և բնականաբար, դրա թափանցիկությունը ցանկալի է բոլորի համար»:

Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը գազի սակագնի բարձրացման, կառավարության ՝ 30 տոկոս սուբսիդավորման աբյուրների մասին որևէ նոր բան չասաց՝ միայն նշեց, որ վաղը 18.30-ին խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ են լինելու: ՀՀԿ խմբակցության պատգամավորը գազի սակագնի հանրավոր բարձրացման դեպքում սոցիալական բունտ չի կանխատեսում, ավելին, խոստանում է՝ կառավարության որոշումները՝ վերջին օրերին քննարկվող սոցիալական հարցերի վերաբերյալ, գազի սակագնի բարձրացում, կարկտահարություն, սառը ցնցուղ է լինելու չարակամների գլխին:

«Լրջագույն աշխատանք տարվում մեր գործընկերների հետ, որպեսզի քննարկումների արդյունքում իրավիճակն ավելի մեղմվի, և հնարավորինս ազգաբնակչության այն հատվածը, որը պետք է գազն օգտագործի, և դժվարություններ ունի, բոլորիս մասին է խոսքը, մեր վրա կամ ժողովրդի վրա դա չանդրադառնա: Կարծում եմ, բոլոր այս ջանքերը կնպաստեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր հճվանք են ապրում, թե կարող է բունտ առաջանալ, սառը ջուր կլվի նրանց ցանկության ու հրճվանքի վրա»:

Այս օրերին հաճախ է շրջանառվում՝ Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին , գազը բարձր սակագնով է առաջարկում արտահայտությունը: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ասաց Մկրտիչ Մինասյանն ու հավելեց՝ ու Ռազմավարական գործընկեր ասվածը ոչ միայն գազն է, նաև այլ խնդիրներ.«Մյուս բնագավառներում լուրջ աջակցություն, օգնություն կա, և իր ռազմավարական գործընկերությունն ամբողջությամբ իրականացվում է, որը կարծում եմ մեր ազգային անվտանգության համար չափազանց կարևոր է, այս խնդիրը քննարկման խնդիր է»:

ՀՀԿ-ական պատգամավորն այս օրերին շահարկվող մեկ այլ հարցի պատասխան նույնպես տվեց: Ինչու հանրապետության նախագահը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չասաց այն մասին, որ գազի սակագինը բարձրանալու է.«Այդ ժամանակ իր մոտ այդպիսի հարցադրում չի եղել, դեռևս մեր երկրի առջև Ռուսաստանը նման հարցադրում չի արել, ես համոզված եմ դրանում: Միայն այդ պարագայում Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ նման բա չկա: Եթե առաջարկություն արված լիներ, Սերժ Սարգսյանի մարդկային տեսակետը ճանաչելով, վստահաբար ասում եմ՝ նա խաբելու ոչ ցանկություն, ոչ էլ կարիքն ուներ»:

Մկրտիչ Մինասյանն ասաց նաև՝ չեմ կարող ասել, թե ինչու գազի սակագնի բարձրացման առաջարկի ժամկետը համընկավ ընտրությունների ավարտի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button