ԿարևորՏնտեսական

Ֆերմեր.Ջերմոցային տնտեսությունները կհայտնվեն ծայրահեղ վիճակում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Գազի սակագնի բարձրացման հետեւանքով առանց այդ էլ վատթար վիճակում գտնվող ջերմոցային տնտեսությունները հայտնվելու են ծայրահեղ վիճակում: Դրսից ներդրումների միջոցով ջերմոցային տնտեսությունների կառուցումը կանգնեցվել է: Այս եւ իրենց մի շարք այլ խնդիրների մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ բարձրաձայնել են ջերմոցային տնտեսությունների ֆերմերները:

Գազի որակն արդեն իսկ խնդիր էր, հիմա էլ` սակագնի բարձրացում: Ջերմոցային տնտեսությունների ֆերմերները ահազանգում են` գազի սակագնի բարձրացումը կհանգեցնի առանց այդ էլ վատթարագույն վիճակում գտնվող ջերմոցային տնտեսությունների փակմանը: Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանի խոսքով` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն 2 տարի իրենք 30 տոկոս ավել գազ են վառում` գազի վատ որակի պատճառով:

Ֆերմերները նկատում են, որ արտասահմանյան երկրներում ֆերմերային տնտեսություններին օգնում է պետությունը, ավելացված արժեքի հարկից ազատում, մինչդեռ` իրենց օգնող չկա, ավելին` խանգարում են` չհիմնավորված գնային թռիչքներով: Ջերմոցային տնտեսությունների ֆերմերները կարծում են, որ դա նպաստելու է արտագաղթի նոր ալիքի, դա իր մեջ նաեւ էկոլոգիական աղետի սպառնալիք է պարունակում` մարդիկ կրկին անտառահատումներով են ապահովելու ձմեռային ջերմություն իրենց տներում:
«Զվարթնոց» համայնքի ջերմոցային տնտեսության ֆերմեր Արտակ Թովմասյանը դժգոհեց, որ իրենց ծախսած գազի նկատմամբ կիրառվում է նաեւ 20 տոկոս կայֆիցենտ: Այսինքն` ծախսած գազից 20 տոկոս ավելի գումար են վճարում:

Թե ինչի համար` բացատրությունը ջերմոցային տնտեսությունների ղեկավարները չունեն:

Գեղանիստ համայնքի ջերմոցային տնտեսության ղեկավար Գագիկ Բաբուխանյանն իր հերթին անդրադարձավ այն խնդրին, որ գազի գնի դիմաց վճարումներն ուշացնելու դեպքում իրենց նկատմամբ կիրառվում են տույժ ու տուգանքներ: Դա այն դեպքում, երբ ջերմոցներին ժամանակ է պետք` եկամուտ ստանալու համար:
Մեկ այլ խնդրի մասին ֆերմերները նույնպես խոսեցին: Կան վարկ վերցրած ֆերմերներ, որոնք գործ չէին ձեռնարկի, եթե իմանային, որ գազի գինը թանկանալու է: Բարձր տոկոսներով վերցված վարկերը, գազի թանկացման պարագայում, նրանք չեն կարողանալու մարել, հետեւաբար` նրանք արդեն իսկ կորցրել են իրենց գույքը եւ մնում է մեկ ճանապարհ` երկրից հեռանալը: Գազի սակագնի բարձրացումը` Հայաստանից հեռու է պահում նաեւ ներդրողներին` ասացին նրանք: Ֆերմերներն առաջարկում են վերանայել ջերմատնային տնտեսությունների համար գործող, իրենց բոնորոշմամբ, կոշտ պայմանները եւ թեթեւացնել դրանք, մասնավորապես` իջեցնել խոշոր սպառողի համար նախատեսված շեմը, վերացնել օգտագործած գազի համար վճարումների ուշացման պատճառով նախատեսված տույժ-տուգանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button