Սիրիայում տիրող իրավիճակը չի հանդարտվում


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Սիրիայում տիրող իրավիճակը ոչ մի կերպ չի հանդարտվում: Ռազմական ճանապարհով խնդրի լուծման գործում հաջողության չհասնելով` լուծման տարբերակ է ընտրվել բանակցությունների սեղանի շուրջ նստելը: Կոնկրետ օր դեռ որոշված չէ, սակայն թուրքագետի և սրաբագետի կարծիքով բանակցությունները կարող են արդյունք տալ:
Սիրայում տիրող իրավիճակը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, շատ վերլուծաբաններ սիրիական իրադարձությունների ավարտով են պայմանավորում Իրանի վրա Միացյալ Նահանգների և արևմուտքի հնարավոր հարձակումները: Սակայն Սիրիական բանակի և զինված գրոհայինների միջև մարտերը շարունակվում են նույն ինտենսիվությամբ և թունելի վերջում լույս չի երևում: Գրոհայիններին ոչ մի կերպ չի հաջողվում տապալել Ասադին, վերջինս համառորեն պայքարում է և այսօր արդեն հարց է դրված բանակցությունների միջոցով հասնել իրավիճակի հանգուցալուծման: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը լուրջ սպասելիքներ ունի բանակցություններից:
Տարածաշրջանում հակամարտությունների լուծման գործում գլխավոր դերակատարություն ստանձնելու նկրտումներ ունեցող Թուրքիան նույնպես, չկարողանալով հաջողություն գրանցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու գործում` իրադարձություններին ներգրավել է իսլամիստներին, ովքեր սարսափելի դաժանություններ են իրենց թույլ տալիս Սիրիայում, մասնավորապես ալաբիների ու քրիստոնյաների նկատմամբ, ինչը վարկաբեկում է Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու պայքարը:
Էրդողանի հանդիպումը Օբամայի հետ թուրքագետ, Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով, հատուկ նպատակ էր հետապնդում Սիրիական խնդրին միջամտելու հարցում Միացյալ Նահանգներից թույլտվություն կորզելու, ինչը թուրքագետի կարծիքով ապարդյուն է անցել:
Ինչևէ Սիրիական իրադարձություններում զգայուն է հատկապես սիրիահայ համայնքը, և որևէ բառ կամ հայտարարություն բացասաբար է անդրադառնում հայ համայնքի վրա: Մինչ օրս սիրիական իրադարձությունների հետևանքով զոհվել է մոտավորապես 50 սիրիահայ, հիշեցրեց արաբագետը նաև հուշելով`չեզոքությունը ողջունվում է: