ԿարևորՄիջազգային

Միավորների հետ կապված սկանդալը`դիվանագիտական հարթությունում

Եվրատեսիլ երգի մրցույթին Ռուսատանի ներկայացուցչին տրված միավորների «կորուստը» Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «վիրավորական գործողություն» է համարել` նշելով, որ այն անպատասխան չի մնա: Ինչպես հաղորդում է Ռիա-նովոստի գործակալությունը, Սերգեյ Լավրովը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երբ մեր ներկայացուցչից գողացան 10 միավոր, դա չի ուրախացնում, նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է մրցույթը կազմակերպված»,- ընդգծել է ռուս պաշտոնյան: Ինքը` Մամեդյարովն էլ հայտարարել է, թե այս «դետեկտիվ պատմությունը» դեռ պետք է հետաքննել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ռուսաստանը ներկայացնող երգչուհի` Դինա Գարիպովային ոչ մի միավոր չի տվել, չնայած, ինչպես հայտնել է Ադրբեջանի հանրային հեռուստատեսության ղեկավար Ջամիլ Գուլիեւը, հեռուստադիտողների քվեարկության արդյունքում երգչուհին գրավել է երկրորդ տեղը: Ադրբեջանի նախագահը հանձնարարել է հետաքննել միջադեպի հանգամանքները:

Դինա Գարիպովան «Եվրատեսիլ 2013»-ին ներկայացրել է «What if» երգը եւ հավաքելով 174 միավոր` զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Չորրորդ տեղում է հայտնվել Նորվեգիայի ներկայացուցիչը /191 ձայն/: Այսինքն, նույնիսկ եթե Ադրբեջանը ոչ թե 0, այլ 10 միավոր էլ տար, Գարիպովայի արդյունքի վրա չէր ազդի: Հիշեցնենք նաեւ, որ մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչը/281 միավոր/:

Ցուցադրել ավելի
Back to top button