Կարևոր

Լավրով.Ռուսաստանը մտադիր է հետագայում նույնպես աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ռուսաստանը մտադիր է հետագայում նույնպես աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ներկայացնելով ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքները:

«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը: «Մենք հանդիսանում ենք երեք հիմնական միջազգային միջնորդներից մեկը և մտադիր ենք հետագայում էլ նպաստել կողմերի համար փոխընդունելի լուծումների որոնմանը՝ Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակում, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:

Լավրովի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Լեռնային Ղարաբաղ կկայանա մայիսի 22-ին: «Հենց վաղը կկայանա համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ իրենք կանեն ամեն ինչ՝ օգնելու ստեղծել պայմաններ այդ խնդրի լուծման համար, չնայած հասկանալի է, որ այն կարող են լուծել միայն հետաքրքրված կողմերը, իսկ իրենք դրանում կօգնեն նրանց:
«Ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի, եթե փորձ արվի ձեռք բերել փոխզիջում՝ հաշվի առնելով կողմերի օրինական շահերը»,- ասել է նախարարը:

Լավրովը նաև հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ստատուս-քվոն անընդունելի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հակամարտող երկու կողմերի համար:
«Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է, քանի որ նրանք մեր հարևաններն են, մեր ընկերները, և կայունությունն ու հանգստությունը Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են»,- ասել է Լավրովը: Լավրովի խոսքով՝ ստատուս-քվոն նշանակում է, որ «ադրբեջանական տարածքների վերադարձման հարցը չի լուծվել, նշանակում է նաև Հայաստանի տնտեսական շրջափակում»:

Նրա խոսքով՝ համանախագահները հակված են այդ իրավիճակի ապաարգելափակման հանձնարարականին:

Ցուցադրել ավելի
Back to top button