Տնտեսական

Թվինինգ ծրագիրը թևակոխում է նոր փուլ

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայության զարգացմանն աջակցող Թվինինգ ծրագիրը թևակոխում է նոր փուլ. առաջարկություններից և վերլուծություններից արդեն անցում է կատարվում կոնկրետ միջոցառումների իրագործմանը: Ծրագրի ավարտին ակնկալվում է համակարգում կիրառել ԵՄ չափանիշերին և ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողություն: Խնդիր է դրվել տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների համար շոշափելի դարձնել մաքսային ոլորտում մեկնարկած բարեփոխումները: Այսօր այս հարցերի շուրջ է խոսվել Թվինինգ ծրագրի հետ մեկամյա համագործակցության արդյունքների ներկայացման նպատակով հրավիրված համաժողովի ժամանակ:

Մաքսային ծառայությունը եվրաստանդարտացվում է: Իսկ դրա առաջին հիմնական քայլը եվրոպական չափորոշիչներին համապատասխան օրենսդրություն ունենալն է:

Եվրամիության Թվինինգ ծրագրի 23 փորձագետներ 11 ամիս է աշխատում են Պետեկամուտների կոմիտեի հետ: Նպատակն է` համապատասխանեցնել եվրագոտու և Հայաստանի օրենսդրությունները: Եթե Հայաստանն ու եվրոպական երկրները գործեն մաքսային նույն փոխվստահելի կանոններով, ավելի սահուն կլինի եվրոպական երկրների ու Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը, կկրճատվեն բյուրոկրատական քաշքշուկները: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին Հայաստանի մաքսային ծառայությունը լուրջ բարեփոխումների է գնում:

Գագիկ Խաչատրյանը միաժամանակ խոստովանում է, որ անելիքները դեռ բազմաթիվ են ու անընդհատ ավելացող: Անցած 11 ամիսների ընթացքում մաքսային ծառայությունում շատ բան է հեշտացվել տեխնոլոգիական ներդրումների շնորհիվ: Փոփոխությունների փաթեթը դեռ ամբողջական չէ, սակայն հիմնական ուղղություններն արդեն ընտրված են: Հայաստանի համար խիստ կարեւոր` Եվրամիության հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման հիմքում նաեւ մաքսային համակարգում բարեփոխումների նախապայմանն է: Հաշվի առնելով դրանց անհրաժեշտությունը` հայաստանյան մաքսային համակարգի գործունեության չափորոշիչները շարունակում են մոտարկել եվրոպականին: Որքան դրանց ավելի համապատասխան, այդքան ավելի լայն արտահանման եւ ներդրումների ներգրավման հնարավորություններ: Խաչատրյանը թվարկում է այն նախապայմանները, որոնց պահպանումը որպես պահանջ է առաջադրվում:

Օրերս հայ մաքսավորները մասնագիտական խորհուրդներ են ստացել միջազգային փորձագետներից: ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում Դանիայից, Անգլիայից, Ռուսաստանից և Մոլդովայից ժամանած փորձագետները Մաքսային ծառայության աշխատակիցների հետ դիտարկել են միջազգային փորձը և իրական օրինակների հիման վրա փորձել կատարելագործել հայ գործընկերների հմտությունները` կեղծ ապրանքը բնօրինակից տարբերակելու գործում: Թվինինգ ծրագրի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեն առաջին հերթին կարեւորում է մաքսային գործում առևտրի դյուրացման պայմանների ներդրումը: ՊԵԿ-ում ի պատասխան Եվրամիության խոստանում են` Թվինինգ ծրագիրը թևակոխում է նոր փուլ. առաջարկություններից և վերլուծություններից արդեն անցում է կատարվում կոնկրետ միջոցառումների իրագործմանը, որոնց արդունքներին մնում է սպասել:

Back to top button