ԵՄ- ն շարունակում է աջակցությունը դատաիրավական բարեփոխումներին. Հայաստանում է Էստոնիայի արդարադատության նախարարը (տեսանյութ)


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/05/220513estonia.mp3
Եվրոպական մերձեցումը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Այս առումով որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նախկին ԽՍՀՄ մերձբալթյան հանրապետությունների փորձը, որոնք 2004 թվականից անդամակցում են Եվրոպական Միությանը:
Մեր երկրում պաշտոնական այցով գտնվող Էստոնիայի արդարադատության նախարար Հաննո Փևկուրը ԵՄ երևանյան կենտրոնում ներկայացրեց եվրոպական չափանիշերին համապատասխանող արդարադատության համակարգում բարեփոխումների իր երկրի փորձը։
Անդամակցելով Եվրամիությանը՝ Էստոնիան ապահովեց իր անկախությունը և անվտանգությունը: Ինչպես նշեց Էստոնիայի արդարադատության նախարար Հաննո Փևկուրը, դիմումի ներկայացումից մինչև անդամակցելը անցած 9 տարիների ընթացքում կայացան ոչ միայն բանակցություններ, այլ նաև օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումներ։
Բանակցությունների արդյունքում Էստոնիան դարձավ մի ուրիշ երկիր` եվրոպական իրավական մակարդակով և ժամանմակակից արդյունավետ վարչակարգով, նշեց նախարարը: Նա կարևորեց էստոնական փորձի ներկայացումը Արևելյան գործընկերության անդամ-երկրներին, այդ թվում և Հայաստանին։
Փևկուրը ողջունեց Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը ներդաշնակեցնել դատաիրավական ոլորտի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին, մասնավորապես՝ դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ: Այսպիսի տպավորություն էստոնացի նախարարը ստացել է Երևանում կայացած հանդիպումներից:
Միևնույն ժամանակ՝ Հաննո Փևկուրը կարևորեց ոչ միայն բարեփոխումների իրականացումը և լավ օրենքների մշակումը, այլ նաև դրանց կիրառումը:
Իր հերթին մեր երկրում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ևս մեկ անգամ հաստատեց ԵՄ պատրաստակամությունը աջակցել մեր երկրում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին:
Եվրոպացի դիվանագետը նշեց նաև, որ Եվրոպական Միության հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման պայմանագրեր չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Հայաստանին, ինչպես նաև մյուս երկրներին` տարբեր մակարդակի հարաբերություններ ունենալ տարածաշրջանային կամ այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Ըստ նրա՝ Եվրոպական Միության հետ բանակցությունները նախատեսում են քաղաքական և տնտեսական լուրջ համագործակցություն, և երկիրը պետք է հետևի իր շահերին: Դեսպանը հավելեց, որ ԵՄ- ն կողմ է ՀՀ հետ ավելի խորը և համապարփակ տնտեսական և քաղաքական համագործակցությանը։