«Բարեկամություն» պետական համույթը Սանկտ Պետերբուրգից «Գրան պրի»-ով է վերադարձել


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ապրիլի 26-ից 29-ը Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում անցկացվող «սուպեր պար` ֆոլկլորից մինչև մոդեռն» առաջին միջազգային մրցույթ փառատոնին, որտեղից վերադարձել է «Գրան պրի» մրցանակով: Մասնակցությունն այս կարգի փառատոներին մեծ պատիվ ու ճանաչողություն է բերում անսամբլին, ասել է անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը:
Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային պարի մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 34 խմբեր: «Բարեկամություն» անսամբլն օտարազգի հանդիսատեսին ներկայացել է ազգագրական պարերով: Անսամբլը երկրորդ փուլում ներկայացրել է Նորայր Մեհրաբյանի բամադրած «Դարը» խորեոգրաֆիկ ստեղծագործությունը. «Արվեստագետի մեծությունը կայանում է նրանում, որ ստեղծի այնպիսի գործեր, որոնք ամեն ժամանակահատվածում լինել արդիական: Եվ հենց այս համարը`«Դարը» խորեոգրաֆիկ պատկերը կարողացավ գրավել ամբողջ հանդիսատեսին իր որակով, իր անկրկնելի բեմադրությամբ և Ռուբինա Հովհաննիսյանի նրբաճաշակ հագուստներով»:
Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Իտալիայից, Իսրայելից և Ռուսաստանից հրավիրված անվանի բալետմայստերներ: «Բարեկամություն» անսամբլն արժանացավ «Գրան պրի» մրցանակի, ասում է հիմնադիր պարող Անահիտ Բադալյանը, ցավով արձանագրելով, որ այսօր մեր լավագույն պարողները մեկնում են արտերկիր, ներկայացնում այլ երկրներ: Նրա խոսքով` պարողի բեմական կյանքը պրոֆեսիոնալ բեմում 20 տարի է և այդ տարներին իրենց ցանկությունն է ներկայանալ Հայաստանում, աշխատել լավագույն պարային խմբերում:
Սակայն այսօր պրոֆեսիոնալ պարողները, բացի իրենց պետական աշխատանքից, երեկոյան աշխատում են ակումբներում, ինչը հարիր չէ պրոֆեսիոնալ պարողին, ասում է Անահիտ Բադալյանը և հավելում, որ մեր մշակույթը ծաղկեցնելու համար անհրաժեշտ է, որ արտերկրում գտնվող մեր պարողների հոծ բանակի համար ստեղծվեն պայմաններ` իրենց գործունեությունը հայրենիքում ծավալելու համար:
Իսկ անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանի կարծիքով` պետք չէ հիվանդագին ընդունել պարողների արտերկրում աշխատելու փաստը: Ամբողջ աշխարում ընդունված է, որ արվեստագետներն ընդլայնեն իրենց գործունեության աշխարհագրությունը և ստեղծեն ստեղագործական կապեր:
Գնալ և աշխատել արտասահմանում, հնարավորթյուն է ընձեռում նվաճել մեծ բեմեր և ձեռք բերել մեծ փորձ, ասում է Տիգրան Մխոյանը: Տեղեկացնենք բոլոր պարասերներին, որ հունիսի մեկին «Բարեկամություն» անսամբլը կազմակերպել է մրցույթ-ընդունելություն: