ԿարևորՔաղաքական

Վարչապետը խոստանում է հեղափոխություն անել. կառավարության ծրագիրը ԱԺ- ում (լրացված)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Տիգրան Սարգսյանի կառավարությունն այսօր խորհրդարանի հավանությանն է   ներկայացրել առաջիկա տարիների գործունեության ծրագիրը:  Սահամանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝  կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում  կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը, որին  հավանություն տալու հարցը խորհրդարանը  քննարկվում է արտահերթ:

Ծրագիրն Ազգային ժողովում այսօր  ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Նա նշել է,  որ փաստաթուղը կազմվել է Ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությանների նախընտրական ծրագրերի հիմնադրույթների հիման վրա:  Կառավարությունը,  ըստ վարչապետի,  համաձայն է   հանրապետության նախագահի այն դիտարկմանը, թե ընտրական շրջանից հետո սկսվող ժամանակահատվածը ամենաբարենպաստն է իրական և արմատական բարեփոխումների  համար: Կառավարությունը քաջատեղյակ է այն հիմնախնդիրներին, որոնք այսօր առկա են Հայաստանում, ասել է  վարչապետը:
Կառավարությունը գիտի, թե ինչ է ակնկալում պետությունից Վանաձորի  մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը. ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան ու  ավտոմեքենա:  Կառավարությունը տեղյակ է նաև  նաև, թե որն է  պետությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանի ակնկալիքը:

«Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակած և Խնայբանկում ներդրած ավանդի վերադարձ»:

Խորհրդարանում կառավարության գործունեության ծրագիրն այսօր  ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ  փաստաթուղթը մշակելիս այցելել են բազմաթիվ համայնքներ, հանդիպել են  հազարավոր մարդկանց, լսել են ու գիտեն նրանց հուզող խնդիրները:  Ըստ վարչապետի՝  կառավարությունում այսօր ավելի լավ ու հստակ են պատկերացնում այն իրականությունը, որում ապրում ենք:
«Մենք քաջատեղյակ ենք այն հիմնախնդիրներին, որոնք այսօր դեռևս առկա են և մտահոգում են յուրաքանչյուրիս. գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, անհավասար մրցակցային պայմաններ»:

Սրանք այն խնդիրներն են, որոնք թիրախավորել է կառավարությունն առաջիկա տարիների համար և որոնց ուղղությամբ կոնկրետ, յուրաքանչյուրի համար շոշափելի արդյունք է խոստանում:

«Առաջիկայում ապահովելու ենք բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում՝ արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով, կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի և հասանելիության ապահովում՝ որպես առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված հիմնական միջոց, հասանելիություն և որակի բարձրացում՝ առողջապահության ոլորտում, փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ապահովում, սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն, ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ»։

 Սա հեղափոխություն է, որը մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում ու փողոցներում, այլ մեր մտածելակերպում, ասաց  Տիգրան Սարգսյանը՝ նշելով, թե ծրագրի իրականացումը մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, պահանջում է  համագործակցություն ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ:

Խորհրդարանական ուժերի վերաբերմունքը ներկայացված փաստաթղթի ու վարչապետի հնչեցրած թեզերի նկատմամբ միանաշնակ չէր:
Ի դեպ, վարչապետին կառավարության ծրագրի և ոչ միայն դրա վերաբերյալ հարց ուներ մոտ 3 տասնյակ պատգամավոր: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմամբ՝ կառավարությունն առաջին անգամ չէ, որ գեղեցիկ խոստումներ է տալիս: Նրա կարծիքով ՝ այս անգամ  ևս գերակշռում է  գեղեցիկ հռետորաբանությունը, և ոչ՝ հստակությունը:

 -Չե՞ք կարծում, որ կարելի էր ավելի հստակ ցույց տալ, թե ինչպես է օրեցօր փոխելու մթնոլորտը Հայաստանում: Որևէ կոնկրետ ու հստակ մոտեցում այս ծրագրում ես չեմ տեսնում, ասաց Քոքոբելյանը։

-Վերջին 20 տարվա ընթացքում ավելի կոնկրետ ծրագիր , քան սա է , կառավարությունը չի ներկայացրել,- պատասխանեց վարչապետը։

 Գազի սակագնի վերաբերյալ. աշխարհի որևէ երկրի համար այս խնդիրը լուծեը հեշտ չէ, և հարցն այքնա հեշտ չէ, որքնա կարելի է պատկերացնել, խորհրդարանում ասաց վարչապետը։

«ՀՀ կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որ գազը սպառողին հասնի ամենացածր գներով: Դրա համար անում ենք ամեն ինչ՝ սկասծ Իրանի հետ հարաբերություններով, ավարտած մեր ռազմավարական գործընկերոջ հետ բանակցություններով»:

Բանակցությունները քաղաքական  ամենաբարձր մակարդակով այսօր էլ շարունակվում են, ասաց վարչապետը: Դրանց  նպատակը, ըստ նրա,  ընդունելի այնպիսի լուծումներ գտնելն է, որոնք թույլ կտան նվազեցնել կամ սուբսիդավորել գազի գինը:
Տիգրան Սարգսյանն այստեղ հիշեցրեց գազի սակագինը 30 տոկոսով սուդսիդավոերլու կառավարության մտադրության մասին:
«Եվ այդ նվազեցման մեխանիզմները մենք կներկայացնենք ձեր դատին,  երբ Ռուսաստանի հետ ստորագրենք համապատասխան պայմանագիրը»:

Ո՞վ է պատասխանատվություն կրելու  կառավարության մինչ այժմ գործած սխալների համար. հարցը ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանինն էր, որին ի  պատասխան Տիգրան Սարգսյանը հիշեցրեց .վերջին 5 տարիների ամենախոշոր բացահայտումը եղել է սոցիալական ոլորտում, դրա արդյուքնում պետբյուջե են վերադարձվել հսկայական գումարներ, անբարեխիղճ պաշտոնյաները պատասխանատվության են ենթարկվել  նաև իրավապահ  համակարգում:
Ի դեպ, այս հարցին պատասխանելիս  Տիգրան Սարգսյանը ընդդիմախոսներին կոչ արեց  քննադատելու փոխարեն քաղաքական համարձակություն ունենալ ու տեսնել սեփական ձախողումները: «Ընենց որ, մենք մի նավի վրա ենք, և ճիշտ ուղին համագործակցության ուղին է»:

Կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը: Հիշեցնեմ՝ Սահմանադրության համաձայն հավանությանը ներկայացված ծրագիրը   քվեարկության է  դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

Ցուցադրել ավելի
Back to top button