Հասարակություն

Պարգևատրվել են 2012-2013 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթողները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մարտին մեկնարկած 2012-13 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադան օրեր առաջ ավարտվել է և արդեն հայտնի են հաղթողները` 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները: Շնորհավորելով մասնակիցներին իրենց ակտիվության և հաջողությունների կապակցությամբ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ միասին  պարգևներ է հանձնել 2012-13 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթողներին: 15 առարկաներից 1-ին մրցանակի են արժանացել  73 աշակերտներ:

Ամփոփվել են հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Ըստ այդմ` 15 առարկաներից 1-ին մրցանակի են արժանացել  73 աշակերտներ: Օլիմպիադաներին աշակերտների այս տարվա մասնակցությունը գնահատելով աննախադեպ բարձր, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ դա վկայում է աշակերտների կողմից մեծ հետաքրքրվածության մասին բոլոր առարկաների նկատմամբ: Նախարարին հատկապես գոհացնում է այն հանգամանքը, որ մասնակցության առումով այս տարի բավականին ակտիվ են եղել նաև մարզային դրպոցները:

Շնորհավորելով մասնակիցներին և մրցանակակիրներին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ անկախ նրանից, որ համակարգում դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և հասարակությունն էլ մշտապես իր մտահոգությունն է հայտնում կրթության որակի հետ կապված, իրականում հանրակրթական ոլորտում կան փայլուն երեխաներ և հրաշալի ուսուցիչներ ու որ ամենակարևորն է կան այնպիսի դպրոցներ, որոնք պատիվ կբերեին ցանկացած երկրի:

Արմեն Աշոտյանը նշեց, որ այս երեխաներից են ձևավորվել նաև միջազգային առարկայական օլիմպիադաներում  հայաստանյան հավաքականները: Մրցանակակիրներն իրենք էլ նշում են, որ նման հաջողությունները ոչ միայն ուրախացնող են, այլև պարտավորեցնող:

Ի դեպ` պատահական չէր, որ մրցանակակիրների պարգևատրումը տեղի էր ունենում ԳԱԱ նախագահության շենքում: Այս տարի լրանում է ԳԱԱ  70-ամյա հոբելյանը և ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ աշակերտների պարգևատրումը ևս իրականացվում է հոբելյանական միջոցառումների շարքում:

Ցուցադրել ավելի
Back to top button