ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզի բնակիչները փակել են ճանապարհը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Այսօր Արմավիրի մարզի Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայքների ամբողջ ժողովուրդը դուրս է եկել և փակել ճանապարհը: Նրանք պահանջ են ձևակերպել. մինչև նախագահ Սարգսյանը և վարչապետը չգան, իրենք ճանապարհը չեն բացելու: Հիշեցնենք՝ այս համայնքներում կարկտահարությունից ամբողջ բերքը վնասվել է:

Համայնքները գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում: Որոշները լքել են իրենց գյուղերը` բանկից վերցրած վարկերը փակելու համար: Այսօր գյուղացիների հավաքի վայր է մեկնել նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետն ասել է, թե  Կառավարությունում պատրաստվում են բարձրացնել մի շարք հարցեր, սառեցնել գյուղացիների վարկերը, նոր վարկեր տրամադրել, սերմեր, սածիլներ տալ եւ աջակցել նրանց մի շարք այլ հարցերով:

Ի դեպ, նշենք, որ Արմավիրի մարզպետի որոշմամբ ստեղծված՝ «Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովը» մայիսի 12-ին տեղացած կարկուտից առավելագույնս տուժած մարզի 46 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը և այսօր ներկայացրել հանրապետական հանձնաժողովի քննարկմանը: Ըստ տեղեկանքի, տուժել է 46 համայնքի 12. 811 հողօգտագործող: Մարզպետարանի պաշտոնական կայքում զետեղված տեղեկանքի համաձայն, վնասի աստիճանը 50-100 տոկոս է:

Ցուցադրել ավելի
Back to top button