Հասարակություն

Հայաստանի անչափահասների արդարադատությունն աչքի է ընկնում մի շարք բացթողումներով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Աղվերան

2011 թվականին մեկնարկած «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» եռամյա ծրագիրը մոտենում է ավարտին: Իրականացվում է միջազգային բանտային բարեփոխումներ միջազգային հասարակական կազմակերպության կողմից տեղական 2 գործընկերների՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Հայ օգնության ֆոնդ երեխաների աջակցության կենտրոնի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում Աղվերանում այսօր մեկնարկել է լրագրողների համար նախատեսված «Անչափահասների գործերով արդարադատության հիմնախնդիրների լուսբնման առանձնահատկությունները» թեմայով սեմինարը, որի ընթացքում քննարկվել է ոլորտի խնդիրները, Հայաստանում առկա իրավիճակը և լուսաանման առանձնահատկությունները, որն այսօր մեծ խնդիր է Հայաստանում անչափահաս ազատազրկվածների իրավունքերի տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ իրենց պատիժն են կրում շուրջ 30 անչափահասներ, որոնցից 16-ը դատպարտյալներ են, մնացածը՝ կալանավորվածներ: Անչափահաս ազատազրկվածներից 2-ը աղջիկներ: Սակայն հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում անչափահասների արդարադատության համակարգը զգալիորեն տարբերվում է ընդունված միջազգային չափանիշներից:

Մասնավորապես, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան պահանջում է մասնակից պետություններից մշակել և իրականացնել անչափահասների արդարադատության համապարփակ քաղաքականություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով անչա­փահասների իրավախախտումների կանխարգելմանը, այլընտ­րանքային միջոցների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան անչափահասների իրավախախտումներին արձագանքելու՝ առանց դատավարական ընթացակարգերին դիմելու: Այս առումով Հայաստանի Հանրապետության անչափահասների արդարադատությունն աչքի է ընկնում մի շարք բացթողումներով: Ակնհայտորեն, Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի հանցագործությունների կանխարգելման պետական համընդհանուր քաղաքականություն, իսկ գոյություն ունեցող սոցիալական ծրագրերը, որոնք միտված են անչափահասների հանցավորության կանխարգելմանը, բարձր արդյունավետությամբ աչքի չեն ընկնում:

Անդրադառնալով այդ բացթողումներին Քաղքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը նկատեց, որ անչափահասների հարցերով մասնագիտացված դատարաններ չկան կամ հատուկ դատավորներ, որոնք կքննեն միայն անչափահասների գործերը: Տաթևիկ Ղարիբայնը նկատեց, որ նման բացթողում նկատելի է նաև դատախազության համա­կարգում: Այստեղ ևս գոյություն չունի անչափահասների գործերի քննություն և քրեական հետապնդում իրականացնող մասնագիտացված ստորաբաժանում:

Հայաստանում առաջին անգամ իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» եռամյա ծրագիրը միտված է այս խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը: Միջազգային բանտային բարեփոխումներ կազմկերպության անչափահասների գործերով արդարադատության ծրագրի համակարգող Հայկ Խեմչյանի տեղեկացմամբ ծրագրի շրջանակներում Հայաստանում ստեղծվել են համայնքային 2 վերականգնողական կենտրոններ, որոնցից մեկը Երևանում, մյուսը՝ Աբովյանում: Դրանցից յուրաքանչյուրն ամսվա կտրվածքով աշխատանք է տանում շուրջ 30 երեխաների հետ:

Հանցագործությունների տեսակով գերակշռում են գույքային բնույթի հանցագործությւոնները, շատ են նաև մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը: Դատապարտվածների մեջ կան նաև սպանություն գործած անչափահասներ, սակայն դրանք չնչին տոկոս են կազմում, նկատեց Հայկ Խեմչյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button