ԿարևորՀասարակություն

Արծրուն Հովհաննիսյան.«Սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք է տվել»

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեպքի առնչությամբ ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ` հանդիպելու նրանց հետ: Հիշեցնենք, երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։

Արդյունքում՝ Երևան-Մարտունի մայրուղու վրա լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցները թույլ չեն տվել զինվորի դին տեղափոխել Երևան: Օգտատերերից մեկի այն մեկնաբանությանը, որ Սեյրան Օհանյանը հաջորդ քայլով պետք է զորամասի հրամանարատությանը պատժի, քանի որ անգամ չեն ցավակցել զինվորի հարազատներին, Ա. Հովհաննիսյանը պատասխանել է, որ փոքր-ինչ սխալ է մեկնաբանված. «Զորամասի հրամանատարի երեք տեղակալները եղել են այնտեղ, ցավակցել են, գումար են տվել, որը պարտավոր էին տալ: Սակայն ինչպես հասկանում ենք, սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»։ Արծրուն Հովհաննիսյանը նաև նշել է, թե անիմաստ լուրեր են տարածել, որ ժամապահը արտոնյալ է, չի պատժվելու և այլն. «Սակայն կեղծ է, այս Երևան բերելը ու օպերատիվ տեղեկություններ փոխանցելը լրիվ հստակ կազմակերպված է: Մինչդեռ նախնական տվյալները ցույց են տալիս, որ սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել»։

Ցուցադրել ավելի
Back to top button