ԿարևորՀասարակություն

Անվճար ծննդօգնություն, թե՞ վերադարձ դեպի վճարովի սպասարկում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում ծննդօգնությունն անվճար դարձնելու փոփոխությունը դրական բազմաթիվ գնահատականների էր արժանացել: Անգամ գնահատումներ կան, թե ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգի ներդրումից հետո ծնդունդների թիվը հանրապետությունում աճել է: Սակայն վերջերս առողջապահության նախարարությունը փոփոխություն է կատարել ծննդօգնության կարգում եւ հաստատել` նորմալ ընթացքով հղիություն տանող կինը կարող է անվճար սպասարկվել միայն իր բնակության վայրի բուժհաստատությունում: Սա սահմանափակում է մարզաբնակ կանանց հնարավորությունները` ծննդաբերել մայրաքաղաքում: Փոփոխությունները, սակայն, միանշանակ չեն ընդունվում:

Մայիսի 1-ից հանրապետությունում գործունեության մեջ է դրվել հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ: Ըստ այդմ` որ եթե հղին 9 ամիս նախածննդյան հսկողությունը ստացել է ըստ բնակության վայրի, և նրա հղիությունը ընթացել է նորմալ, առանց շեղումների և չունի որևէ հիվադություն, ապա նա անվճար ծննդօգնություն պետք է ստանա միայն իր բնակության վայրում գտնվող հիվանդանոցում: Իսկ եթե հղին որոշում է ծննդաբերել Երևանում կամ ոչ իր բնակության տարածքում, ապա այս դեպքում ծննդաբերությունը չի իրականացվի պետպատվերի շրջանակներում: Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը բացատրում է, որ մինչ այս կարգի ներդրումը Երևանին մոտ գտնվող մարզերից` Արմավիր, Կոտայք, Արարատ և Արագածոտն, հղիներն իրենց ցանկությամբ նախընտրում էին ծննդաբերել մայրաքաղաքում: Ուստի Երևանում ծնունդների 30 տոկոսը այդ չորս մարզերի հղիների հաշվին էր տեղի ունենում, որից տուժում էր մարզային բուժհաստատությունների բյուջեն:

Ավագյանը վստահեցնում է, որ եթե մարզում բնակվող հղի կինն ունի որևէ հիվանդություն, հղիության ընթացքը բարդացել է, ապա այս դեպքում կինն ուղեգրվում է մայրաքաղաքի երրորդ մակարդակի բժշկական հաստատություն, որտեղ նրան պետք է ցուցաբերվի հատուկ հետազոտում և նեղ մասնագիտական օգնություն` անվճար: Եթե մարզաբնակ կինն անպտղությունից բուժվել է Երեւանում եւ ցանկանում է մայրաքաղաքում էլ հսկողության տակ լինել, այս դեպքում նա համարվում է ռիսկային խմբի հղի եւ կրկին պետք է սպասարկվի բացառապես պետպատվերով: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարում է, որ իրենք պատրաստ են արձագանքել թեժ գծով ստացվող բոլոր այն բողոքներին, որոնք կմատնանշեն ծննդօգնության անվճար-վճարովի լինելու խնդիրները: «Ռադիոլուր»-ը փորձեց պարզել` որքանով է ճիշտ մարզում բնակվող կնոջն ուղղակի կամ անուղղակի ձեւով պարտադրել օրենքով իր համար նախատեսված անվճար ծննդօգնությունը ստանալ հենց մարզում, որտեղ սարքավորումները հին են, պայմանները` ոչ պատշաճ, որտեղ կասկածի տեղիք են տալիս թե’ հետազոտության, թե’ անալիզի արդյունքները եւ թե բուժաշխատողի փորձառությունը: Գայանե Ավագյանը, սակայն, հարցին այլ կողմից է մոտենում:

Հնարավոր է, որ Հայաստանում ոմանք ծննդօգնություն ստանալիս իրենց շքեղություն թույլ տան, ինչպես Գայանե Ավագյանն է ասում, սակայն փաստ է` դրան զուգահեռ բազմաթիվ կանայք որակյալ ու պատշաճ ծննդօգնություն չեն ստանում: Իսկ անվճար եւ վճարովի սպասարկման որակական տարբերությունները երբեմն այնքան մեծ են, որ մարդը պարզապես բարոյական ճնշման տակ գերադասում է սպասարկվել վճարովի համակարգում` «անհատական մոտեցում` անհատական սպասարկում» բանաձեւով: Գայանե Ավագյանն այս դիտարկանն ի պատասխան խնդրում է կոնկրետ օրինակներ ներկայացնել` ընդգծելով, որ նման խնդիրներ իրենց հայտնի չեն: Ավելին` բանախոսն այն համոզմանն է, որ մեր մարզերում ծննդօգնություն ցուցաբերում են բացառապես բարձրորակ կադրեր: Փաստորեն, ստացվում է այնպես, որ առողջապահության նախարարությունում ցանկանում են տեսնել միայն իրենց պատկերացրած եւ սպասած արդյունքը եւ չեն կիսում լրագրողների հիմնավորված դիտարկումները, թե ծննդօգնության տրամադրումն աստիճանաբար ուղղակի կամ անուղղակի ձեւով ուղղորդվում է դեպի վճարովի սպասարկում` վերադառնալով հին խնդիրներին:

Ցուցադրել ավելի
Back to top button