Հասարակություն

Հունվարից մինչեւ այսօր Հայաստանում ՄԻԱՎ- ի 64 նոր դեպք է արձանագրվել

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մայիսի երրորդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության օր: Այս տարի մայիսի 19-ին միջոցառման 30-րդ տարելիցն է, և այդ օրը մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կանցկացվեն միջոցառումներ, որոնք ուղղված հանրության և կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն:
Ապրիլի 30-ի դրությամբ 1988 թվականից սկսած մեր երկրում գրանցվել է մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ` ՄԻԱՎ/ ՁԻԱՀ  վարակի 1445 դեպք: Ցավոք՝  այս թիվն աճի միտում ունի. 228 նոր վարակակիր գրանցվել է միայն 2012թվականի ընթացքում, ինչն ամենաշատն է բոլոր նախորդ տարիների համեմատ։
Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր 64 դեպքեր: Անցած 25 տարիների ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք:
Ինչպես նշեց «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը, արձանագրված դեպքերը չեն արտացոլում իրական պատկերը:

Մեր երկրում այս վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (57,4%) և թմրամիջոցների ներարկային օգտագործումը (32,9%): Բացի դրանից՝ արձնագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
Հիվանդների ընդհանուր կազմում գերակշում են արական սեռի ներկայացուցիչները:Վարակվածների կեսից ավելին ախտորոշման պահին եղել է 25-39 տարեկան:Այսօր մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ կա, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ:
Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը, ընդգծեց «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» մեկ այլ անդամ՝ Մանե Դավթյանը:

Հետազոտում կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում և պոլիկլինիկաներում: Այս ծառայությունը մատուցվում է անվճար։

Ցուցադրել ավելի
Back to top button