ԿարևորՄշակույթ

Տոնի նախօրեին` ոչ այնքան տոնոկան տրամադրությամբ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Թանգարանների միջազգային օրն ու թանգարանային գիշերն այս տարի համընկել են: Այսինքն` ավանդաբար միմյանց հաջորդող երկու տոներն այս տարի կնշվեն միայն մեկ օր մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՈՄ-նախաձեռնությամբ իրականացվող այս տոնն արդեն 9-րդ անգամ կանցկացվի նաև Հայաստանում: Վաղը` մայիսի 18-ին հանրապետության մոտ վեց տասնյակ թանգարանները մինչև կեսգիշեր իրենց դռներն անվճար կբացեն այցելուների առջև: Թանգարանային թեժ գիշերվա իրարանցումը, սակայն, պարզվում է, միանշանակ չի ընկալվում:

Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ, 1977 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Հետագայում այդ տոնին ավելացավ ևս մեկը` թանգարանային գիշերը, որը վերջին տարիներին մեծ իրարանցում է առաջացնում նաև Հայաստանում: Մինչև կեսգիշեր այցելուների առաջ դռները բացած թանգարաններն այդ օրը ներկայանում են նաև յուրահատուկ ծրագրով: Համաեվրոպական տոնի շրջանակներում Էրեբունի արգելոց թանգարանում վաղը գործի «Արցախ. հողի հիշողություն» ցուցահանդեսը, որն արդեն բացվել է:

Տնօրեն Գագիկ Գյուրջյանի տեղեկացմամբ, երիտասարդ գիտնականների օգնությամբ թանգարանում կանցկացվի նաև բաց դաս այցելուների համար:

Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տոնական օրակարգը ևս հագեցած է, հայ մեծ լուսվորչին նվիրված գրքերի ու հանդեսների շնորհանդեսներ, Խաչատուր Աբովյանի անունը կրող հանրապետության մի շարք դպրոցների աշակարտների մասնակցությամբ միջոցառումներ: Նկատենք, սակայն, որ տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի տրամադրությունն այսօր ամենևին էլ նախատոնական չէր:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ընդհանրապես հրաժավել է թանգարանային գիշեր միջոցառման անցկացումից: Մինչ աշխատանքային օրվա ավարտը Փարաջանովի թանգարանը վաղը կաշխատի անվճար, դրանից հետո դռները կփակվեն:

Թանգարանային գիշերվա իրարանցման փոխարեն Զավեն Սարգսյանը կցանկանար տեսնել նոր թանգարաններ մեր երկրում: Մի քանի թանգրանների մասին նա բարձրաձայնել է բազմիցս: Հայաստանի համար անհրաժեշտություն է համարում նախ` գորգավեստի թանգարանը, մի բան, որ վաղուց ունեն գորգագործության ավանդույթներով ամենևին էլ չփայլող մեր որոշ հարևանները:

Երևանում տեխնիկայի թանգարան ստեղծելու միտքը ևս Զավեն Սրգսյանին հետապնդում է վաղուց: Հին հեռուստացույցներ, սառնարաններ, կարի մեքենաներ: Իրերը ժամանակի ընթացքում փոխվում են, իսկ փոփոխությունների ընթացքին հետևելը միշտ էլ հետաքրքիր է, իսկ դա, ինչպես ասում է, հնարավոր է միայն իրերը մեկտեղած թանգարանի միջոցով: «Երբ լուսանկարչությունը ծնվեց, Աշխաբադից մինչև Կահիրե լուսանկարիչների մեծ մասը հայեր էին: Թուրքիան այսօր հպարտանում է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլով, ով ևս մեր հայրենակիցն է: Հայ լուսանկարիչները հսկայական արխիվներ են ստեղծել, որոնք հայ ժողովիրդի հարստությունն են ու պետք է հասանելի լինեն այդ ժողովրդին»,-ասում է Զավեն Սարգսյանը` աններելի համարելով փաստը, որ Երևանն առ այսօր չունի նաև լուսանկարչության թանգարան:

Ցուցադրել ավելի
Back to top button