ԿարևորՏնտեսական

«Թող մեզ օգնեն, որ կարողանանք ապրել մինչև եկող գարուն»,- ասում են արմավիրցիները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Միայն ֆինանսական աջակցություն և վարկերի սառեցում` նվազագունը երկու տարով ,- արմավիրցիները սա են ակնկալում կառավարությունից: Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած 43 համայնքների բնակիչների բողոքի ձայնն Արմավիրի մարզի Արմավիր համայնքի երեք բնակիչներ այսօր հասցրել են մայրաքաղաք: Նրանք նշել են, որ ողորմություն չեն խնդրում, պարզապես հնարավորություն են խնդրում կառավարությունից: Գյուղացիները իրենց հոգսերից լրագրողների հետ կիսվել են առանց միմյանց հերթ տալու:
Արմավիրի մարզի 43 համայնքների բնակիչները 2013թ մայիսի 12 երկար են հիշելու:

Մինչև կեսօր նրանց մտքով չէր էլ կարող անցնել, որ մի քանի րոպեում կորցնելու են իրենց ողջ տարվա ունեցվածքն ու հայտնվելու են անելանելի վիճակում: Նախորդ կիրակին նրանք «աղետի օր են» անվանում: Եղիազար Ասմարյանը մեկն է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչներից, ով տուժել է մայիսի 12-ին տեղացած կարկուտից: Չի ժխտում՝ գյուղնախարարությունից ու մարզպետարանից եկել են, ինչ-որ աշխատանքներ են իրականացրել,գիտի նաև՝ կառավարությունը որոշել է աջակցել, սերմեր, պարարտանյութ, դիզվառելիք բաժանել:

«Ուզում են ինչ-որ սերմ տան, պարարտանյութ տան, դիզվառելիք տան, էդ սերմը ես վերցնեմ, ի՞նչ անեմ: Ես 2,5 հա հողաբաժնով լոլիկ ու բադրջան եմ դրել, հունվարից էդ սածիլները ես դրել եմ, մի ամիս առաջ դրել եմ հողի մեջ ու ծաղկած բերքը հողին է հավասարացրել, սերմը տա ես ինչ անեմ, որտեղ դնեմ»:

Գյուղի 90 տոկոսը բանկերից է օգտվում, յուրաքաչնյուրը 2-3 մլն դրամ վարկ ունի, հիմա այլևս ոչինչ չունենք, ուտելու ապրելու,- կարկուտից տուժած գյուղացիների մտահոգությունները ներկայացրեց կարկուտից տուժած մեկ այլ գյուղացի՝ արմավիրցի Ասատուր Հայրապետյանը:

«Հասարակ մի բան, մեզ պետք չի բարեկեցություն, գոնե սնունդ պե՞տք է, որ երեխան ուտի, ապրի, որպեսզի զինվոր տա էս երկրի համար, պետք ա՞, որ էս զինվորն առողջ մեծանա, և ֆիզիկապես , և բարոյապես: Ես չգիտեմ ով ա՞ էս հարցերի պատասխանները տալու»:

Ամրավիրցիները ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկերտ առաջարկներ ունեն, սառեցնել վարկերը նվազագույնը երկու տարով և ֆինանսապես օգնել գյուղացիներին, նրանք խոստանում են հատկացվելիք գումարները անպայման վերադարձնել:

«Մենք կվճարենք մեր բոլոր բաների համար, պարզապես մեզ տան հնարավորություն, որ զիջեն էդ վարկերը երկու տարով, սառեցնեն, մենք էդ վարկերն էլի կտանք: Մենք մուրացկան չենք, մենք մեր հանապազօրյա հացը մեր ձեռքերով ենք աշխատում, թող գան աղետի վիճակը տեսեն, նոր մտածեն ինչ են անում: Թող մեզ օգնեն, որ ժողովուրդը կարողանա ապրել մինչև եկող գարուն, որ չմեռնենք, հետո կապահովագրեն, ինչ կանեն, թող անեն: Մենք ոչինչ չունենք, ամբողջ գյուղացիները տկլոր նստած են: Մենք չգիտենք, ինչով պետք է ապրենք»:

Հավելենք, որ ստեղծվել է «Օգնություն արմավիրցիներին» նախաձեռնությունը, որի հեղինակ Նարե Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ վաղն առավոտյան մեկնելու են Արմավիր՝ կանգնելու կարկուտից տուժած գյուղացիների կողքին:

Ցուցադրել ավելի
Back to top button