ԿարևորՔաղաքական

Գելափի հարցումները. Սերժ Սարգսյանի վերընտրությունից դրական ակնկալիքներ ունի 47 տոկոսը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան գրասենյակը այս տարվա նախագահական ընտրություններից հետո՝ ապրիլի 12- 20- ը  հանրապետությունում հարցումներ է անցկացրել  պարզելու, թե ինչ սպասելիքներ կան Սերժ Սարգսյանի վերընտրվելու հետո և որքանով է գոհացուցիչ ոստիկանության աշխատանքը:
«Գելլափ ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Նավասարդյանն այսօր նշեց, որ հարցումների արդյունքները միանգամայն արտացոլում են նույն պատկերը, ինչ ստացվել է ընտրություններից հետո:

Ում օգտին եք քվեարկել հարցին՝ 56. 9 տոկոսը պատասխանել է Սերժ Սարգսյան, 40.4 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյան։

Ասոցիացիան նաև փորձել է ճշտել հասարակական տրամադրությունները հետընտրական զարգացումների մասին։
Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը հետընտրական շրջանում եւ երդմնակալության օրը 27 տոկոսը համարել է արդարության վերականգնման պահանջ, 28 տոկոսը՝ անիմաս դերսասանություն, 14 տոկոսը՝ իրական պայքար հաղթանակի նպատակով, 8 տոկոսը՝ շարժումը ավարտին հասցնելու ուղղված ճիգեր, 7 տոկոսը՝ իշխանության մաս կազմելու պահանջ, 3 տոկոսը՝ իշխանության հետ պայմանավորված ներկայացում, 2 տոկոսը՝ արտաքին ուժերի ֆինանսավորած գործընթաց։ 16 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում դրական փոփոխություններ են սպասում ընտրողների 47 տոկոսը, 22 բացասական զարգացումներ են ակնկալում։
Հատուկ ուշադրություն է հատկացվել ոստիկանության ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքին: Գելլափ ինթերնեյշնլը հարցում է արել հատկապես ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձության ժամանակ ոստիկանության աշխատանքի մասին։

«42 տոկոսը օրենքով ամրագրած գործողություններ է որակել ոստիկանության քայլերը,  13 տոկոսը այլ քաղաքացիների անդորրը պահպանելուն միտված գործողություն և 33 տոկոսը ճնշում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ»,- ասաց Աշոտ Նավասարդյանը։

Վերջին շրջանում արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը վերաբերող հարցին հետաքրքիր պատկեր է ստացվել. հարցվածների 76 տոկոսը պարզվում է գոհ է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքից, 12-ը չեզոք է արտահայտվել և ընդամենը 4 տոկոսն է դժգոհություն հայտնել:

Իսկ ինչպե՞ս է գնահատվում հասարակության կողմից քարոզարշավի ընթացքը: «Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ ընտրարշավ կարելի է ասել տեղի չի ունեցել, «մենք տեսանք ճիչեր ու քննադատություն միմյանց հասցեին»։

Ցուցադրել ավելի
Back to top button