Գազի գնի սուբսիդավորումը բյուջեի ծախսային հատվածի լուրջ վերնայում կպահանջի, ասում է Խոսրով Հարությունյանը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Գազի սակագնի բարձրացումը ուղղակի նշանակում է սպառողական զամբյուղի կտրուկ աճ, ինչը կբերի գների բարձրացման,- այսօր հայտնեց Ազգային ժողովի Հանարապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ շարունակելով,- ընդ որում՝ երբ միջին աշխատավարձի աճի նման տեմպ դու չես կարող ապահովել, սա ակնհայտորեն բերելու է գների բարձրացման, դա էլ իր հերթին արտադրական կարողությունների նվազմանն է հանգեցնելու: Իրականում բարդ խնդիր է»:
Հենց իրավիճակի բարդությունը, Հարությունյանի կարծիքով, կառավարությանը ստիպեց արագ արձագանքել խնդրին և հայտարարել գազի գնի բարձրացումը 30 տոկոսով սուբսիդավորելու մտադրության մասին:
«Այսինքն՝ ներհանրապետական տիրույթում գազի սակագնի համար բազա կընդունվի ոչ թե 270 , այլ 189 դոլարը, որը 9 դոլարով է ավելի գործող գնից»:
Հարությունյանը կարծում է, որ գազի սակագինը 9 դոլարով բարձրացնելը այլ ապրանքների գնի կտրուկ աճ չի կարող ենթադրել, բայց չի էլ կարող բացառել դրա հնարավորթույւնը: Պատգամավորը մտավախություն ունի , որ կլինեն տնտեսվարողներ, ովքեր, օգտագործելով գնաճային սպասումներն ու աժիոտաժը, կբարձրացնեն ապրանքների ու մատուցվող ծառայությունների գները:
Հարությունյանը կարծում է, որ այս փուլում շատ կարևոր ու պատասխանատու դերակատարում ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
«Գալարը որ սկսվեց, դիմագրավելը շատ դժվար է լինելու: Դրա համար կարծում եմ, որ ՏՄՊՊՀ-ն շատ պատասխանատու դերակատարում ունի»:
Ըստ Հարությունյանի՝ գազի գնի սուբսիդավորումը բյուջեի ծախսային հատվածի լուրջ վերնայում կպահանջի: Թե ինչ ուղղություններով և ինչպես, դեռ պարզ չէ:
Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, ապա Հարությունյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտին վերադասավորումներ են սպասվում: Ըստ նրա ՝ ընդդիմադիր ուժերը նոր ձևաչափի փնտրտուքի մեջ են և սեփական ուժերն ու կարողությունները վերաիմաստավորելու խնդրի առաջ:
«17-18թթ. սարերի հետևում չեն, այս մի քանի տարիներն այնպես արագ են անցնելու, որ քաղաքական ուժերն այսօրվանից պետք է մտածեն իրենց մարտավարության ու ռազմավարության մասին»:
Գրեթե նույն տեսակետը այսօր հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա ձևակերպմամբ՝ հայասատանյան ուժերը քաղաքական նոր փուլ են թևակոխել ՝ ընտրական ցիկլից հետո: Սա նոր ռեժիմ է, որի մեջ քաղաքական ուժերը պետք է գործեն առաջիկա տարիներին:
Քաղաքագետը կարծում է, որ քաղաքական ուժերը ռազմավարական մոտեցումները փոխելու խնդրի առաջ են կանգնած: Ըստ նրա ՝ միայն ընտրություններից առաջ ակտիվանալու, դրանց միջև ընկած ժամանակահատվածներում պասիվանալու մոտեցումը որևէ արդյունքի չհանգեցրեց:
Իսկանդարյանի ամփոփմամբ՝ ընդդիմադիր դաշտը ոչ թե միավորվելու, այլ ձևավորվելու կարիք ունի։