ԿարևորՔաղաքական

Արմեն Մարտիրոսյան.«Հերթական անգամ ընտրողը քաղաքական ուժին ձայն տվեց որպես ընդդիմություն այն դեպքում, երբ նա ընդդիմության դաշտում չէ»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ և չի էլ կարող դառնալ հայտարարությանը: Մարտիրոսյանը դա ազնիվ մոտեցում է համարել, սակայն նշել, որ պետք էր այդ մասին հայտարարել ավելի վաղ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողը ԲՀԿ-ին ձայն է տվել որպես ընդդիմություն, մինչդեռ այս ուժը այդ դաշտում չէ, նկատել է Մարտիրոսյանը` էլեկտորատին ապակողմնորոշելու հարցում մեղադրելով ՀԱԿ-ին:

Անցած երկու տարում ՀԱԿ-ին այդպես էլ չհաջողվեց ԲՀԿ-ից ընդդիմադիր կուսակցություն  «ստանալ», իսկ անընդհատ շեշտելով այդ ուժի ընդդիմադիր լինելը, ՀԱԿ-ը, փաստորեն, անցած ընտրություններում ապակողմնորոշեց էլեկտորատին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ ու «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: ՀԱԿ-ը չպետք է նման բան աներ, թեև հնարավոր է եղել են շահեր,- ասաց Ժառանգության փոխանագահը: Թե ինչ շահերի մասին է խոսքը, Մարտիրոսյանը չգիտի: Բայց ակնհայտորեն ինչ-որ պատճառ պետք է լիներ դրա համար, հավելեց: Ինչևէ, արդյունքում ունեցանք այն իրավիճակը, երբ հերթական անգամ ընտրողը քաղաքական ուժին ձայն տվեց որպես ընդդիմություն այն դեպքում, երբ նա ընդդիմության դաշտում չէ: ԲՀԿ նախագահն էլ անձամբ օրերս ընդգծեց, որ իր ղեկավարած ուժը ոչ միայն ընդդիմություն չէ, այլև չի էլ կարող դառնալ:

«Քաղաքական դաշտն բյուրեղացավ նախագահական ընտրությունների ժամանակ` հենց այդ ընտրությունները ցույց տվեցին, թե ով է ընդդիմությունը, ով է իրականում պայքարում իշխանության դեմ, ով է պորտալարով իշխանության հետ կապված»:

Ընդդիմադիր դաշտի ոչ ճիշտ գործունեության կուլմինացիան եղավ այն, որ ավագանու ընտրություններում հասարակությունը պատժեց ընդդիմությանը: Միաժամանակ Մարտիրոսյանը նկատեց, որ «Բարև Երևան»-ը միակ քաղաքական ուժն էր, որն ընտրական օրենսգրքի շրջանակներում սուղ ֆինանասական միջոցներով ընտրությունների պահանջված նվազագույն շեմը հաղթահարեց առանց ընտրակեղծիքների ու կաշառքների: Երևանի ավագանու ընտրությունները 10 քայլ հետ գնահատեց, ավելի վատը նախագահականն ու խորհրդարանական ընտրություններից, բայց այդքանով հանդերձ տրամադրված է արդյունավետ աշխատանքի: Վստահ է, որ իրենք ավագանիում փոքրաթիվ թիմով աշխատելու են արդյունավետ ու իրականացնելու են վերահսկողի գործառույթ:

Դրանով մեզ վրա ծանր պարտականություն է դրվում, բայց փորձելու ենք իրականացնել, հավելեց Ժառանգության փոխանախագհ ու Բարև Երևան դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button