ԿարևորՀասարակություն

«Սպայկայի» հրդեհի մարումը տեւել է 13 ժամ (լրացված)

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Արշակունյաց պողոտայի 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում երեկ՝ մայիսի 15-ին ժամը 23.58- ին, հրդեհի ահազանգ է ստացվել:  Հրշեջներին կեսգիշերից մինչեւ այսօր ժամը 13.00-ը չէր հաջողվում մարել կրակը` պատճառը ընկերությունում առկա դյուրավառ նութերն են եղել: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` տուժածներ չկան:
ԱԻՆ բնակչության և աղետների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանի տեղեկացմամբ` «Սպայկա» ընկերությունում երեկ երեկվանից բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ:

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ իրավիճակը մտահոգիչ է, քանի որ ընկերությունը շուկայում մեծ դեր ու նշանակություն ուներ, գյուղմթերք արտահանող ընկերություններից է։
«Սպայկա» ընկերության նախագծի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով` ընկերությունն ապահովագրված է։ Կրած վնասի չափն էլ դեռևս չեն հայտնի չեն, մասնագետները պետք է պարզեն: Ընկերության սառնարանային համալիրը, որը տարածաշրջանում ամենամեծն է և տեխնիկապես ամենահագեցվածը, 15 հազար քառակուսի մետր  տարածքով ամբողջությամբ վնասվել է: Հրդեհի բռնկման պատճառների մասին վարկածներ դեռ չկան։

Ընկերությունն այս ժամանակահատվածում մթերել է կարտոֆիլ Շիրակի և Գեղարքունիքի մարզերից: «Սպայկան»  պատրաստվում էր ծիրանի մթերման սեզոնի մեկնարկին և դրա համար պատրաստել էր փայտյա և պլաստմասե արկղեր, որոնք, Կարեն Բաղդասարյանի խոսքով,  ամբողջությամբ այրվել են:
Բոլոր տեսակի աջակցության հարցերը դեռևս քննարկման փուլում են և դեռևս հստակ որոշումներ չկան, նշեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը:

«Սպայկա» ընկերությունում աշխատում է 250- ից ավելի մարդ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button