Հասարակություն

Հայաստանի եւ Էստոնիայի դատական կատարողները կհամագործակցեն

Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ու Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գենարալ-մայոր Միհրան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ այս հուշագրով կտրվի շահավետ փոխգործակցության մեկնարկը: “Էստոնիայի հետ հուշագրի կնքումը պայմանավորված է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումով, քանզի այդ բնագավառում էստոնացիները բավականին լուրջ առաջընթաց ունեն: ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կփորձի ներդնել այն ամենը, ինչը ուսանելի ու պիտանի կլինի մեր երկրի համար”,-ընդգծեց նա:

Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի կանցլեր Սուլև Լյաենեն ընդգծեց, որ հուշագրի ստորագրումը նոր հեռանկարներ կբացի ոլորտում փոխշահավետ համագործակցության  համար: «Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են տարբեր մակարդակներում, այդ թվում նաև պետական մակարդակում, որի շրջանակում եղել են տարբեր փոխայցելություններ»,- ասաց Սուլև Լյաենեն: Նրա խոսքով, գործընկերությունը կնպաստի նաև երկու ժողովուրդներիմերձեցմանը և մշակույթների ճանաչմանը:

Հուշագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որի առաքելությունը կլինի ողջամիտ ժամկետում մշակել և կողմերի հաստատմանը ներկայացնել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կատարողների և սնանկության կառավարիչների էստոնական պալատի միջև համագործակցության  միջոցառումների ծրագիր:

Համագործակցության  ծրագրում նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով կապահովվեն նաև կողմերի միջև փոխադարձ այցելություններ, աշխատանքային քննարկումներ:

Կողմերը հուշագրի ստորագրումից հետո հուշանվերներ են փոխանակել:

Ցուցադրել ավելի
Back to top button