Հասարակություն

Քննարկվում են կարկտահարության հետեւանքները. կօգնեն միայն սոցիալապես անապահովներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է հանրապետությունում կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ կարկտահարությունից տուժել է 43 համայնք, ընդհանուր 17 հազար հա ցանքատարածություն: Ստեղծված համայնքային հանձնաժողովներն այժմ ուսումնասիրություններ են իրականացնում՝ ճշտելու պատճառված վնասի չափը:

Ըստ նախարարի՝ հատկապես մեծ վնաս են կրել խաղողի այգիները, որոշ չափով պտղատու այգիները: Սերգո Կարապետյանի խոսքով՝ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներին պատճառված վնասը հնարավոր է վերականգնել՝ իրականացնելով կրկնակի ցանքս: Այդ նպատակով գույքագրվել են հանրապետությունում եղած սերմնատեսակները, սածիլները, որոնք կտրամադրվեն գյուղացիներին, իսկ սերմնացուի մի մասը հնարավոր է ներկրվի արտերկրից:

Գյուղացիներն ամբողջությամբ կապահովվեն նաև պարարտանյութով և դիզվառելիքով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Օգնությունը պետք է լինի առարկայական և տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»:

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը և կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button