Հասարակություն

Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը նոր ընթացակարգեր է սահմանելու

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Արդարադատության  նախարարությունը շրջանառության մեջ է դրել  Քաղաքացիական դատավարության օրենսգրքի  նոր նախագիծը: Նախատեսվում է, որ  այն խորհրդարան կներկայացվի աշնանային նստաշրջանի ընթացքում:  Մինչ այդ նախագիծը քննարկումների փուլ կանցնի մասնագիտական շրջանակներում:
Դեռ նախորդ տարի, երբ ներկայացվում էր դատաիրավական բարեփոխումների՝ 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը,  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշում էր, որ  այն փորձելու է լուծում տալ համակարգում կուտակված եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ խնդիրների:
Խնդիրների մի խումբ արդարադատության ոլորտի պատասխանատուները  փորձում են լուծել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր նախագծով: Այն մշակվել է  ամիսների ընթացքում, եվրոպացի փորձագետների աջակցությամբ ու խորհրդատվությամբ։
Մի քանի տարի հետո որակապես այլ դատական համակարգ  ունենալու խոստումը, որ տվել են իշխանությունները, ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի,   սխալվելու կամ սխալների վրա սովորելու ժամանակ չի թողնում: Նոր նախագիծը փորձելու է բարելավել քաղաքացիական դատավարության գրեթե բոլոր ընթացակարգերը:
«
Քաղաքացին մեկ բան  է ուզում.  ուզում է   որոշակի հստակ, ողջամիտ ժամկետներում իր որոշումը կայացվի: Սա մենք այս նախագծով ապահովելու ենք»,- ասում է Հրայր Թովմասյանը։

Ըստ արդարադատության նախարարի՝ նոր նախագծով առաջարկվող փոփոխությունները բազմաթիվ են: Դրանցից հիմնականները,  ըստ նրա,  քաղաքացիական հայցի քննության  ժամկետների կրճատումն է և գործի նախնական քննության ինստիտուտի ներմուծումը։

«Ունենալու ենք գործերի ավելի  արագ քննություն: Ներմուծելու ենք  նախնական դատական նիստերի ինստիտուտը: Այն ֆորմալ ընթացակարգերը, որոնք տեղի էին ունենում նիստերի դահլիճում, փաստորեն տեղափոխվելու են նախնական փուլ, որի ժամանակ էլ, ըստ էության, որոշվելու է ամեն ինչ. որոնք են ապացուցման ենթակա փաստերը,  ապացուցման բեռը կողմերից յուրաքանչյուրն  ինչպես է կրելու:»:

Ըստ նախախարի՝ հստակեցվել են դատական ծախսերին վերաբերող կանոնակարգումները, արմատապես  փոխվելու է  ծանուցումների համակարգը: 2014-ից, երբ ամբողջությամբ կներդրվի  նույնականացման քարտերի համակարգը, ծանուցումները կուղարկվեն ոչ թե փոստով, այլ՝ էլեկտրոնային ճանապարհով:
«Բոլորի համար կստեղծեն էլեկտրոնային  հասցեներ: Իրավաբանական անձինք ավելի շուտ, ֆիզիկականները փոքր-ինչ ավելի ուշ, ծանուցումները կստանան այդ եղանակով»:

Քաղաքացիական դատավարության գործող օրեսնգիրքն ընդունվել է 1998-ին:  Թեև տևական ընթացք ծառայել է դատավարության մասնակիցներին, բայց լրամշակման կարիք ուներ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց  Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը: Նրա դիտարկմամբ ՝ նոր նախագծով առաջարկվող փոփոխությունների մի մասը դրական են, առաջարկվում են նաև մեխանիզմներ, որոնք, նրա կարծիքով, նոր նախագծում կարելի էր չներառել:

«Օրինակ՝ նախապատրաստական փուլին վերաբերող փոփոխությունները միանշանակ դրական են։ Վերաքննիչ դատական ակտերի, վճռաբեկ բողոքների մասով նույնպես դրական առաջարկներ կան։ Բայց  նույն բողոքարկմանն առնչվող առաջարկների մեջ կան նաև այնպիսինները, որոնք փաստաբաններին չեն բավարարում:    Խոսքը վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների մասին է: Գիտեք, փաստաբանները դրա հետ կապված դժգոհություն ունեն և այդ դժգոհությունը այս նախագծի ընդունումից հետո էլ կպահպանվի»,- ասում է փաստաբանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button