ԿարևորՄշակույթ

Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը`մայիսի 19-ին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ մշակույթի նախարարության, Սայաթ-Նովա մշակութայնի միության ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով Երևանում կանցկացվի հայ մեծ աշուղին նվիրված ավանդական Վարդատոնը: Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն այսօր տեղեկացրել է, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 19-ին Սայաթ Նովայի հուշարձանի մոտ: Վարդատոնն ավանդաբար նշվում է նաև Վրաստանում: Այս տարի այն տեղի կունենա մայիսի 26-ին` Թբիլիսիի սուրբ Գևորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայի շիրիմի մոտ:

Հովհաննես Թումանյանի ու գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ 1914 թվականին առաջին անգամ Թբիլիսիում տոնեցին Վարդատոնը: Այն նվիրված էր Սայաթ –Նովային: Ավանդաբար ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը տոնի մանակիցները գալիս են` մեկական վարդ դնում հայ մեծ աշուղի շիրիմին: «Սայաթ-Նովա» մշակութայնի միության նախաձեռնությամբ 2005 թվականից մայիսի մախավերջին կիրակի օրը վարդատոնը նշվում է նաև Երևանում: Այս տարի այն կնշվի մայիսի 19-ին:

«Սայաթ Նովան հայրենիք է, որտեղ նա հնչում է, այնտեղ հայրենիքը ներկա է»,-ասում է Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Նրա համոզմամբ, մեծ աշուղին նվիրված տոնը յուրօրինակ կոչ ու ազդակ է` ճանաչելու, փոխանցելու, միաժամանակ վերաիմաստավորելու Սայաթ Նովա երևույթն ու նրա թողած հսկայական ժառանգությունը: «Կան երկնային պարգևներ, որոնք ուղղակի օրհնանք են իրենց ծնող ժողովրդին ու դարաշրջանին»,-Վալերի Բրյուսովի այս խոսքերը վերաբերում էին Սայաթ –Նովային, մշակութային հանճար, ում ստեղծագործական ժառանգությունը սնել ու հարստացրել է միաժամանակ երեք ժողովուդների մշակութային գանձարանը:

Թովմաս Պողոսյանն այսօր անդրադարձավ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժամանակակից մշակումներին ու կատարումներին: Դրանք, ինչպես պարզվեց, պրոֆեսորին գոհացնում են հազվադեպ, քանի որ, հիմնականում մատուցվում են սարսափելի աղավաղումներով:

Ցուցադրել ավելի
Back to top button