Հասարակություն

Հայաստանում բացվում է շների վարժեցման կենտրոն

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Նուբարաշենում բացվող «Կ-9 Հայաստան» դպրոց-կենտրոնում ուսում են առնելու միայն շները: Ինչպես լրագրողներին հայտնեց է  Հայաստանի կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը, այս հատուկ հաստատությունում կպատրաստվեն շներ ծառայողական նպատակների համար, որոնք ունակ կլինեն աշխատել մաքսային, ոստիկանական, փրկարարական և այլ ոլորտներում:

Ընտանիքի չորքոտանի հավատարիմ բարեկամների դաստիարակությունից բացի դպրոցում կվարժվեն նաև այն մարզիկները, որոնք կպաշտպանեն մեր երկրի պատիվը շնային բազմամարտի միջազգային մրցումներում: Բացի դրանից՝ կենտրոնը կարող է ցուցաբերել անփոխարինելի օգնություն ֆիզիկական սահմանափակումներով անձանց:

Սկզբնական շրջանում նորաբաց կենտրոնում կաշխատի վրացական «Կ-9» դպրոցի տնօրեն Ջաբա Ցխվեդաձեն, ով առաջին անգամ է այցելում մեր երկիր:

«Այս դպրոցը կունենա միջտարածաշրջանային նշանակություն: Կանցկացվեն կինոլոգիական բազմամարտի առաջնություններ: Մենք նաև պատրաստ ենք համագործակցել տարբեր նախարարությունների և գերատեսչությունների հետ, որոնք կարիք ունեն որակավորված շների»,- ասում է նա։
Ըստ մասնագետի՝ որպես ծառայողական ավելի պահանջված են գերմանական և բելգիական հովվաշները։

Նորաբաց կենտրոնի տնօրեն Սերգեյ Գաբրիելյանը ցավով անդրադարձավ մայիսի 10-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ առանց դնչկալի ընտանի պիտբուլ տեսակի շունը հարձակվել ու հոշոտել է զբոսանքի դուրս բերված մեկ այլ սպանիել տեսակի շանը։
Նման ողբերգական դեպքերից խուսափելու համար «Կ-9 Հայաստան» դպրոց-կենտրոնի ղեկավարը կոչ արեց ագրեսիվ շների տերերին իրենց չորքոտանի հավատարիմ ընկերներին տանել վարժեցման ընդհանուր դասընթացների, որոնք կսոցիալիացնեն շներին՝ վարժեցնելով քաղաքային միջավայրում ճիշտ վարվելակարպին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button