ԿարևորՔաղաքական

Խորհրդարանական ուժերը, բացառությամբ «Ժառանգության», գազի հնարավոր թանկացման մասին տեսակետ դեռ չունեն

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Ինչո՞վ են պայմանավորում գազի հնարավոր թանկացումը քաղաքական ուժերը: Կուսակցությունների  ու խորհրդարանական  խմբակցությունների ներկայացուցիչներից ոչ բոլորն են շտապել այս հարցերին այսօր պատասխանել: 

Դեռ չենք քննարկել, վերլուծում ենք, սպասում ենք մեր թիմի տնտեսական հատվածի եզրակացությանը, եղել է հիմնական արձագանքը: 

Այն, ինչ կառավարության ապաշնորհ գործունեության հետևանքով տեղի է ունենում  ՀՀ-ում, անթույլատրելի է,  «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացման խնդրին, ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Պաշտոնական տվյալներով` 36 տոկոս աղքատության ցուցանիշի պայմաններում, ինչը նշանակում է, որ հանրապետությունում  ավելի քան 1 մլն մարդ քաղցած է, գազի գնի բարձրացումը խայտառակություն է»,- ասաց  խմբակցության քարտուղարը:

Փոստանջյանի  համոզմամբ` գազի սակագնի թանկացումը օրակարգում էր վաղուց, պարզապես փոքր- ինչ հետաձգվել է իրականացման ժամկետը:

Զարուհի Փոստանջյանը խորհուրդ տվեց իշխանությանը հրաժարվել իշխանությունից, հակառակ դեպքում, պատգամավորի ձևակերպմամբ,  նրանց նկատմամբ հնարավոր են անդառնալի գործողություններ:

Ի՞նչ է պատրաստվում անել «Ժառանգությունը» գազի գնի հնարավոր թանկացումը կանխելու համար, արդյո՞ք հնարավոր են բողոքի  գործողություններ:

«Սա ոչ միայն «Ժառանգության», այլ բոլոր կուսակցությունների, կազմակերպությունների ու նաև քաղաքացիների  խնդիրն է»,- նախ նկատեց Փոստանջյանը, ապա տեղեկացրեց, որ վաղը կառավարության շենքի մոտ ինքնաբուխ բողոքի ակցիա է նախատեսված, որին իրենից բացի միանալու են «Ժառանգության» այլ անդամներ:

Որ գազի սակագնի բարձրացումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կասկած չունի: Իսկ այլընտրանքային լուծումների ու ԲՀԿ-ի անելիքների մասին կարող է խոսել միայն պատգամավորական խմբակցության և կուսակցության քաղխորհրդի տնտեսական բլոկի եզրակացությունից հետո: «Առջևում ունենք հանձնաժողովների աշխատանք և քառօրյա նիստ, կարծում եմ` այդ ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնվի»,-ասաց Ուրիխանյանը:

ՀՀԿ պատասխանը կարճ էր. քանի որ խոսքը հնարավոր թանկացման մասին է, ոչ թե արդեն թանկացման փաստի, որևէ բան ասել չի կարելի, նկատեց Հանրապետական խմբակցության անդամ,  ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց գնահատականը կհայտնեն ավելի ուշ:  ՕԵԿ կուսակցության փոխնախագահ ու խմբակցության ղեկավար  Հեղինե Բիշարյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այսօր երեկոյան կուսակցության քաղխորհրդի նիստ է հրավիրված, որի ժամանակ, ըստ ամենայնի, կքննարկվի նաև գազի գնի հնարավոր թանկացման հարցը:
Դաշնակցությունը նույնպես այս պահին գնահատական չի ներկայացնում: «Մենք այժմ  ուսումնասիրում ենք խնդիրը, համապատասխան հայտարարությունը կլինի առաջիկա օրերին»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր   Արծվիկ Մինասյանը:

Ինչ են մտածում ՀԱԿ-ում, ինչպես են տեսնում խնդրի լուծումը, պարզել չհաջողվեց: Ողջ օրվա ընթացքում պատգամավորների հետ կապ հաստատելու «Ռադիոլուրի ջանքերն անօգուտ եղան, իսկ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրվա ավարտին պատասխանեց զանգին, բայց ոչ մեր հարցին։ Մեքենային ղեկին էր։

Ցուցադրել ավելի
Back to top button