ԿարևորՀասարակություն

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամներին

Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարևորվել է այդ գործընթացում Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:

Անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի  մոտեցումները: Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ  ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները և ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամները վստահեցրել են,  որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի է ունեցել շահագրգիռ և հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Back to top button